կարևոր
922 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-24 16:56

Վանաձորի ավագանու անունից դատարանում կներակայանա Արտակ Ոսկանյանը

Վանաձորի ավագանու անունից դատարանում կներակայանա Արտակ Ոսկանյանը

Վարչական դատարանում Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու շահերը կներկայացնի փաստաբան Արտակ Ոսկանյանը։ 16 կողմ և 2 դեմ ձայներով որոշումն ընդունվել է այսօր կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստին:

Նիստին ներկա են եղել ավագանու «Մամիկոն Ասլանյան» դաշինքի, «Հայրենիք» կուսակցության և «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունների անդամները։

Օրակարգը միաձայն հաստատելուց հետո ավագանու անդամ, նիստը վարող Գայանե Քալանթարյանը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/13416/05/21 վարչական գործով պատասխանող Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար Վանաձոր համայնքի ավագանու ներկայացուցչին լիազորելու մասին որոշման նախգիծը։

Քննարկման արդյունքում ավագանին որոշեց ՀՀ վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնելու համար լիազորել փաստաբան Արտակ Նորիկի Ոսկանյանին։

Նշենք, որ Վանաձոր համայնքի ավագանին, հիմք ընդունելով «Տեղական ինքանկառավարման մասին ՀՀ օրենքի 65-րդ հոդվածը, հանդես էր եկել 2022 թվականի հունվարի 24-ին, ժամը 11.00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում ավագանու արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ։

Դեռ դեկտեմբերին 24-ին նախատեսված Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգային հարցերից էր համայնքի ղեկավարի ընտրությունը, չկայացավ, քանի որ դատարանն արգելել էր Վանաձորի համայնքապետ ընտրելու հարցով ավագանու նիստ հրավիրել:

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը»՝ 15 մանդատ, երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է՝ 9 մանդատ, երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք»  եւ «Ապրելու երկիր» կուսակցությունները 2-ական մանդատով:

Դեկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններում առաջատար դաշինքի ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։