կարևոր
2350 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-24 11:48

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 24-ին հրապարակեց ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ (լիազորությունները կասեցված են) Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը 5 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի։ 

Պաշտպանները միջնորդել են Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։ Նախկին նախարարի համար երաշխավորել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ Կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների համար էլ փաստաբանները միջնորդել են կիրառել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցներ, այդ թվում՝ գրավ. գրավի չափն էլ թողնվել է դատարանի հայեցողությանը։

Նշենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակին 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։

Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահել ու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է  իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք էլ ծանր հետեւանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախություն կատարելու մեջ։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյաները պահանջում էին նախաքննության ընթացքում հրթիռները փորձարկելու միջոցով հիմնավորել դրանց՝ անպիտան լինելը։ Մինչդեռ ԱԱԾ-ն որտեղ քննվել է այս գործը, հրաժարվել է մի շարք փորձաքննություններից։