կարևոր
1132 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-24 10:12

Խորհրդարանը շարունակում է աշխատանքը. օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 24-ին շարունակվում են ութերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները։ Մինչ նիստը սկսելը ԱԺ նախագահը հրապարակեց ՀՀ նախագահի հրաժարականի վերաբերյալ հայտարարությունը.

«Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության Նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝

1) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ.

2) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»: 

Այսպիսով, հունվարի 31-ին Արմեն Սարգսյանի նախագահական լիազորությունները լիովին դադարեցված կհամարվեն, իսկ մինչ նոր նախագահի ընտրությունները նրան կփոխարինի Ալեն Սիմոնյանը:

Այսօրվա նիստի օրակարգում շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

նախրոդ նիստին թեկնածուի կենսագրական տվյալներն ու անցած ուղին ներկայացրել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշել է, որ Քրիստիննե Գրիգորյանն ունի բարձրագույն կրթություն երկու մասնագիտությամբ` արեւելագիտություն եւ իրավաբանություն: Ունի ավելի քան 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ` հիմնականում պետական մարմիններում`  ԱԺ աշխատակազմում, Արդարադատության նախարարությունում, առաջին փոխվարչապետի աշխատակազմում: Նա 2019-ի հուլիսին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2021-ի ապրիլից` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ: 2022-ի հունվարի 20-ին Գրիգորյանն ազատվել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Թեկնածուն ընդգծել է, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Սահմանադրական դատարան ներկայացրած Մարդու իրավունքների պաշտպանի դիմումները եւ դա ունի հաստատության հեղինակությունը հաջորդ պաշտպանի կողմից չստվերելու տրամաբանական բացատրությունը: Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին: