կարևոր
2035 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-21 17:26

Ռուսաստանն «անվերջ չի սպասի» պատասխանի. ավարտվել է Լավրով-Բլինքեն հանդիպումը

Ռուսաստանն «անվերջ չի սպասի» պատասխանի. ավարտվել է Լավրով-Բլինքեն հանդիպումը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը մեկուկես ժամ տևած ժնևյան բանակցություններից հետո ավարտվել է. հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Քննարկման հիմնական թեման եղել է անվտանգության ապահովման Մոսկվայի առաջարկներն ու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։

Մինչ բանակցությունները, թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան կողմերը հայտարարել են, որ բեկում չեն ակնկալում։ Սպասվում է, որ հանդիպման արդյունքներով դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ զրույցն օգտակար ու անկեղծ է անվանել: Լավրովը նշել է, որ ամերիկացի գործընկերը գոհ է մնացել կարծիքների փոխանակումից։ Դա կօգնի նրանց հաջորդ շաբաթ գրավոր արձագանքել անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկներին: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է` ԱՄՆ-ն Ժնևի բանակցություններում ընդունել է, որ Ռուսաստանը սպառազինություն է տեղակայում սեփական տարածքում:

Դատել՝ արդյոք բանակցությունները ճիշտ ուղղությամբ են ընթանո՞ւմ, հնարավոր կլինի այն բանից հետո, երբ Ռուսաստանը ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքների վերաբերյալ արձագանքը թղթի վրա ստանա։ «Չեմ կարող ասել՝ արդյոք մենք ճիշտ ուղու վրա ենք, թե՝ ոչ։ Մենք դա կհասկանանք, երբ թղթի վրա ստանանք ամերիկյան արձագանքը մեր առաջարկների բոլոր կետերին», - նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։ 

«Այն թղթերը, որոնք Պետդեպարտամենտը հատուկ պատրաստել էր այսօրվա հանդիպմանը, հնարավոր չէ կարդալ։ Բավարար է թերթել դրանք ու պատահական բացել ցանկացած էջ, որ համոզվեք, որ այն ամենը, ինչ գրված է այնտեղ, որևէ քննադատական վերլուծության չի դիմանում ու շատ դեպքերում մաքուր սուտ է: Ես այսօր չլսեցի ոչ մի փաստարկ, որը հիմնավորեր ամերիկյան դիրքորոշումն այն հարցի շուրջ, թե ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին։ Միայն՝ մտահոգություններ»։

Հիշեցնենք, որ դեռևս 2021 թ.-ի դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։ 

Մոսկվան մասնավորապես պահանջում էր, որ ՆԱՏՕ-ի ռազմական ուժերը դադարեցնեն ռազմաբազաներ կառուցել հետխորհրդային երկրներում, Ուկրաինային չմիացնեն դաշինքին, հրաժարվեն արևելքի ուղղությամբ հետագա ընդլայնումից: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ կայացան ժնևում հունվարի 9-ին և 10-ին: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի առանձին նիստն անցկացվեց Բրյուսելում հունվարի 12-ին, սակայն այն արդյունք չտվեց։