Արթուր Մանուկյանը մի մարդ է, որը կեղծել է սեփական կենսագրությունը, նա բացարձակ չի համապատասխանում ՀՌՀ անդամի պաշտոնին։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ հավելով, որ Արթուր Մանուկյանի ելույթից ևս համոզվեցին, ոլորտի հետ կապված տեսլական չունի, լիրիական, զեղումնառատ զրույց էր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ ՀՌՀ անդամի իշխանական թեկնածու Արթուր Մանուկյանը երկու կենսագրություն ունի՝ սուտ տեղեկատվություններով: Նիստի ընդմիջմանը նա լրագրողներին ներկայացրեց համապատասխան փաստաթղթերը:
Նա, մասնավորապես, ուշադրություն հրավիրեց մի շարք հանգամանքների վրա։ Թեկնածուի ներկայացրած կենսագրության մեջ նշվում է նրա աշխատանքը մի քանի հեռուստաընկերություններում։
«Պրպտեցի իր կենսագրությունը, տեսա որ պարոն Մանուկյանը երկու կենսագրություն ունի։ Սա զեղծարարություն է․ իր ստորագրությամբ թղթային կենսագրությունը, որը զետեղված է նաև ԱԺ կայքում, պաշտոնական փաստաթուղթ համարվող աշխատանքային գրքույկից քաղվածք էլ կա։ Խոսքը «Ա1+»-ի, «Հայրենիք»-ի, «Արմենակոբ»-ի մասին է։ Միեւնույն ժամանակ, աշխատանքային գրքույկում նշվում է, որ Մանուկյանը «Ա1+»-ում աշխատելու ընթացքում գործազուրկ է եղել եւ դրա համար նույնիսկ նպաստ է ստացել։ Միաժամանակ, հեռուստաալիքներից մեկում աշխատանքի ընթացքում նշվում է աշխատանքը թատրոնում, այնուհետեւ իրավաբանական խորհրդատվություն տրամադրող ընկերությունում, որտեղ նա նշված է որպես փորձագետ»,- ասաց պատգամավորը։
Լիլիթ Գալստյանը մանրամասնեց, որ այլ անհամապատասխանություններ ևս եղել են կենսագրության մեջ։ «Սա պարզապես անթույլատրելի է: Այստեղ խոսքը քաղաքական բարոյականության մասին է, որի մասին երեկ ԱԺ-ում խոսում էր իշխանության մեկ այլ թեկնածու՝ Հակոբ Մովսեսը: Սա երկակի ստանդարտ է: Պետք չէր ստել, պետք է աշխատանքային գրքույկում եղածը գրանցել։ Գրված է, որ աշխատել է երեք հեռուստաընկերություններում, պարզվում է՝ նշված թվականներին աշխատել է «Արլեքս»–ում»,-ասաց նա։
Լիլիթ Գալստյանն ասաց, որ իրեն անհանգստացնում է անպարկեշտությունը, այն, երբ խոսում են արդարությունից, բայց կիրառում են երկակի ստանդարտներ։ Պատգամավորի խոսքով՝ ՀՌԱՀ-ը իրապես բացառիկ առաքելությամբ օժտված կառույց է՝ հաշվի առնելով նաև այսօրվա իրավիճակը կարևոր դերակատարություն ունի։
«Մեր հասարակությունը շատ խիստ արժեքային ճգնաժամ է ապրում, հասարակության երկփեղկվածությունը կար, երկխոսության բացակայություն կա»,-նշեց նա։