կարևոր
2062 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-21 15:46

Ադրբեջանը պետք է միակողմանի ետ քաշվի. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը պետք է միակողմանի ետ քաշվի. Սեյրան Օհանյան

Երեկ Կառավարության ճեպազրույցների սրահում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին խոսել է հայկական և ադրբեջանակն զորքերի հայելային հետքաշման մասին՝ նշելով, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները: 

Հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություն է,  թշնամին մխրճվել է մեր հատված, հետևաբար ինքը պետք է միակողմանի հետ քաշվի: Այս մասին ԱԺ-ում հայտաարրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ռուսական և ադրբեջանական կողմերին հայկական կողմի ուղարկված առարկությունների փաթեթին։ 

«Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել։ Մենք արդեն մեկ անգամ կառավարության ղեկավարի բանավոր ցուցմամբ պատերազմական գործողությունները կանգնելուց հետո հետ ենք քաշել մեր զորքերը Սյունիքի հատվածում։ Դրանից հետո հակառակորդը եկավ, կանգնեց սահմանին, սադրանքներ կազմակերպեց և մխրճվեց մեր տարածք։ Ի՞նչ է նշանակում հայելային հետ քաշվել, որտե՞ղ, ամբողջ սահմանով մե՞կ, թե այն հատվածում, որտեղ հակառակորդը մխրճվել է։ Եթե այն հատվածներում, որտեղ հակառակորդը մխրճվել է մեր հատված, ապա հակառակորդն ինքը պետք է միակողմանի հետ քաշվի և այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնեն մերոնք»,-մանրամասնեց նա։

Անդրադառնալով արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե ՀԱՊԿ-ի հետ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց․

«Լավ կլիներ, որ ինքը պարզ բացատրեր, որ մենք բանակցում ենք ՀԱՊԿ-ի բոլոր երկրների, ՀԱՊԿ-ի քաղաքական ղեկավարության, ռազմական կոմիտեի հետ, որոնք միջազգային բոլոր կազմակերպությունների հետ պետք է աշխատեն և ստիպեն Ադրբեջանին հետ քաշվել։ Այդ է մեր այսօրվա աշխատանքը։ Եվ եթե չստիպեն հետ քաշվել, ապա մենք ստիպված ենք լինելու նաև գործադրել ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչը՝ ՀՀ Զինված ուժերի հետ մեկտեղ։ Այդ խոսակցություններն օդի մեջ խոսակցություններ են»,-շեշտեց նա։

Եզրափակելով խոսքը՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ սահմանագծման և սահմանազատման համար թշնամի պետությունները պետք է վերածվեն հարևան պետությունների, ստեղծվի հարևան պետությունների կառավարությունների խառը հանձնաժողով և տարվի համապատասխան աշխատանք։ Միայն լիարժեք ու խորաթափանց քննարկումներից հետո կարելի է որոշել, թե որտեղով և ինչպես պետք է անցնի այդ սահմանը: 

«Դուք կարծում էիք, որ Բաքուն պետք է համաձայներ ու զորքը հե՞տ քաշեր, կարծում եմ՝ իրենք երբևէ դրան չեն համաձայնի: Սա ես չեմ ասում նրա համար, որ այսպես բարձրացնեմ հակառակորդի դերակատարությունը: Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, և նրանք հանցագործություններ են կատարել Հայաստանի ու Արցախի նկատամամբ: Պետք է ամեն ինչ անել, գնալ խաղաղության, սակայն չպետք է այդ խաղաղության գնալ մեր շահերի, առավել ևս՝ մեր հող ու ջրի  հաշվին: Տեսականորեն ամեն ինչ հնարավոր է, տեսականորեն նաև հնարավոր է, որ Արցախի հատվածում վերականգնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, մասամբ նաև՝ Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում: Սրա համար պետք է բանակցել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը: