16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
«Այս քառօրյան այսօր կավարտվի, բայց կենսական հարցերի շուրջ մեր քննարկումները հեռու են բավարար լինելուց»,-խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շեշտեց, որ Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել:
Նրա խոսքով տարվա ընթացքում գազի և էլեկտրաէներգիայի գները թանկանում են և բարոյահոգեբանական ճգնաժամ է տիրում, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարում է Սյունիքի և Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին:
«Այդ մասին Ադրբեջանը հայտարարում է, ոչ մեկ անգամ, պարբերաբար և սրանով ջախջախում է բոլոր հայ անհատների, քաղաքական ուժերի հիմնասյունը, որոնք պնդում էին, որ Արցախում հողերը հանձնելով հնարավոր է խաղաղ ապրել: Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ: Դրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»,-ասաց պատգամավորը::
Նկատելով, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում բոլոր երկրների ղեկավարները գիտեն իրենց անելիքները և գծում են սեփական երկրի կարմիր գծերը՝ պատգամավոր շեշտեց, որ այս իրավիճակում Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթաց:
Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ Թուրքիայի հետ բանակցությունների սեղանին նստողները բավարարել են Անկարայի նախապայմանները, ինչի մասին է խոսում Հայոց ցեղասպանության մասին չխոսելու փաստը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախ չայցելելը: Պատգամավորի կարծիքով՝ ներկայում բանակցություններն ընթանում են նոր նախապայմանի՝ Սյունիքի «միջանցքի» շուրջ: Վարդանյանը եզրակացրեց, որ հայ-թուրքական բանակցությունների սեղանին կա միայն մեկ օրակարագ և այն թյուրքալեզու ժողովուրդներին ցամաքային կապով իրա կապելու օրակարգն է, իսկ խաղաղության գնի մասին հայ հասարակությանը չեն ասում, որպեսզի վերջինս որոշի, թե պատրա՞ստ է արդյոք դրան:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ այս իրավիճակում Հայաստանում հայտնվում են իշխող ուժի ներկայացուցիչներ, որոնք ողջ ուժով իրականացնում են այդ գործընթացի լոբբինգը: Նա դիմեց ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում, բոլոր այն հարուստների հետ, որոնք չէին ուզում հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը, կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ ՍԻԼ ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»:
Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, իսկ այդ իրավիճակում գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի, նշում է պատգամավորը:
«Փրկության հույս կա, ամեն ինչ կորած չէ, որովհետև, օրինակ, դուք գիտե՞ք, որ այսօր մեր հայրենիքում ապրում է մի մարդ, ով ամեն օր, ժամը 7-ին իր բնակավայրից նստում է դատարկ «Գազելը», միացնում բոլոր լույսերը, քշում է մեկ ժամ հեռավորության վրա գտնվող մեկ այլ բնակավայր՝ թշնամու կողմից դիտարկվող ճանապարհով, հետո այդ նույն ճանապարհով վերադառանում է, և սա նրա համար, որ թշնամուն ցույց տա, որ մեր տարածքում կա շարժ, և որ Հայաստանում մարդիկ շարունակում են բնակվել: Հույս կա՝ որովհետև Տավուշում կան մարդիկ, որոնք իրենց բակում կրակ են անում և հնարավորինս երկար են այդ կրակը պահում, որ թշնամին տեսնի, որ այնտեղ կյանք կա: Հույս կա, որ Կապան, Սյունիքում ապրող 16 տարեկան աղջիկը, որը մինչև պատերազմը ցանկանում էր տեղափոխվել Երևան, հիմա ասում է, որ Կապանից որևէ տեղ գնալ չի ուզում»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը և ամփոփեց խոսքը.
«Վերադարձ արմատներինը պետք է դառնա մեր նոր նշանաբանը: Մենք ընկել ենք, բայց չենք մեռել: Հայաստանի համար կռիվն առջևում է»: