Հունվարի 21-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ:
Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնը:
Հանդիպմանը ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են ՀՀ սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ընդգծվել է սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:
Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը և Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով հումանիտար խնդիրներին, ընդգծել են, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:
Նշենք, որ նախօրեին պատվիրակությունը Ադրբեջանում էր: Ըստ հաղորդագրության՝ Ալիևը բարձր է գնահատել Ֆրանսիայի ու ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը նման ձևաչափով՝ ընդգծելով, որ այն ստեղծել է դրական հնարավորություններ՝ Բրյուսելում քննարկված խաղաղության օրակարգի զարգացման համար։