կարևոր
1048 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 21:58

Առաջարկվում է ավելացնել պաշտոնյաների հանդեպ կիրառվող տուգանքի չափը

Առաջարկվում է ավելացնել պաշտոնյաների հանդեպ կիրառվող տուգանքի չափը

Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ներկայացված հանրագրին, որով առաջարկվում է ՝ բարձրացնել տեղեկություն ստանալու իրավունքի խախտման համար վարչական պատասխանատվության չափը։ Նախարարությունն այսօր շրջանառության մեջ է  դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է տեղեկություն ստանալու իրավունքը խախտելու համար նախատեսել 30.000ից մինչեւ 70.000 դրամ վարչական տուգանք, իսկ խախտումը կրկնելու դեպքում 100.000ից 150.000-ի չափով։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի օրենսդրական նախաձեռնության իրականացման արդյունքում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման համար սահմանված տուգանքի չափերը համադրելի կդառնան իրավախախտման հանրային վտանգավորությանը, մյուս կողմից իրական կանխարգելիչ ազդեցություն կունենա տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձանց տեղեկություն տրամադրելու իրենց պարտականությունը խախտելուց ձեռնպահ մնալու հարցում։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 51-դ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու իրավունք: Ըստ Տեղեկատվության ազատության մասին օրենքի 6-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Այս պահանջը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ), պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների և դրանց պաշտոնատար անձանց վրա։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189․7 հոդվածի գործող կարգավորումներով՝ նշված մարմինների և անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով (10 000 - 50 000 դրամ, խմբ․):

Վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով է (50 000 - 100 000 դրամ, խմբ․

Շրջանառավող նախագծով առաջարկում է առաջին անգամ տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար տուգանքը դարձնել 50 000 - 70 000 դրամ, իսկ տույժից հետո մեկ տարվա ընթացքում կրկին խախտելու դեպքում՝ 100 000 - 150 000 դրամ։

Հավելենք, որ օրինական ուժ ստանալու համար այս նախագիծը նախ պետք է արժանանա Կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից։ Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը: