կարևոր
1141 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 19:41

Սյունիքի Բերդավանի բնակիչներին սնունդը չի հասել. այլընտրանքային ճանապարհը փակ է

Սյունիքի Բերդավանի բնակիչներին սնունդը չի հասել. այլընտրանքային ճանապարհը փակ է

Կարմիր խաչը չի կարողացել սնունդ եւ հիգիենայի պարագաներ հասցնել Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի բնակիչներին, քանի որ այլընտրանքային ճանապարհը փակ է ձյան եւ բքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավանի գյուղապետ Օնիկ Ավագյանը:

«Այլընտրանքային ճանապարհի մոտ ութ կիլոմետրը պատրաստ է, մնում է  երկուսը: Սակայն պատրաստի գրունտային հատվածն արդեն երկու օր է ձյան եւ բքի պատճառով փակ է: Այսօր էլ Կարմիր խաչը ավտոմեքենայով եկել էր գյուղի բնակիչներին սնունդ եւ հիգիենայի պարագաներ բերելու, սակայն ավտոմեքենան ստիպված վերադարձել։ Ես փորձել եմ «ՈՒԱԶ»-ով գնալ իրենց օգնելու, սակայն ապարդյուն: Հիմա փորձում ենք պայմանավորվել վաղվա համար, որ կարողանան այլ ճանապարհով գան: Կարմիր խաչ մեզ առաջին անգամ դեկտեմբերին է այցելել, երկրորդ այցն այսօր պետք է լիներ»,- նշեց նա:

Ավագյանի խոսքով՝ բքի պայմաններում անգամ ամենագնացները չեն կարողանում անցնել այլընտրանքային ճանապարհով:

«Մենք ամեն դեպքում սննդի կամ պարագաների կարիք չունենք։ Գորիս գնալիս գյուղացիները բերում, կուտակում են անհրաժեշտ պարագաները, մարզպետարանն էլ անվճար հաց է տրամադրում, բայց պատկերացրեք՝ ինչպես է ձյունը փակել ճանապարհը, որ Կարմիր խաչի ավտոմեքենան չի կարողացել անցնել։ Խնդիրն այն է, որ չեն կարողացել ամբողջությամբ ավարտել այլընտրանքային ճանապարհի շինարարությունը: Եթե ավարտված լիներ, գուցե հնարավոր լիներ, որ տեխնիկայով մաքրեինք ճանապարհը եւ անցանելի դարձնեինք»,- ասաց Օնիկ Ավագյանը: