կարևոր
886 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 19:34

Տոնոյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, դռնփակ նիստը շարունակվում է

Տոնոյանի և մյուսների գործով դատավորն ինքնաբացարկ չհայտնեց, դռնփակ նիստը շարունակվում է

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ (Պատրոն Դավոյի)՝ «անպիտան» հրթիռներ գործով դատավոր Մանվել Շահվերդյանը այսօր մերժեց պաշտպանների ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։

Երեկ կայացած առաջին նիստին պաշտպանական կողմը միջնորդել էր, որ դատարանը նախագահից պարզի եւ փաստական տվյալ ներկայացնի գործի մակագրման կարգի պահպանման վերաբերյալ։ Դատարանը որոշել էր միջնորդությունը բավարարել։

Փաստաբան Երեմ Սարգսյանն երեկ հայտնել էր, որ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմքում դատավորին գործը ձեռքով մակագրված լինելն է, ինչը համատարած խնդիր է․«Եթե գործը դատարանի նախագահի կողմից կոնկրետ մի դատավորի է տրվում, այս դեպքում արդար դատաքննության իրավունքի մասին խոսք չի կարող լինել»։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանի նախագահն ուղղակի հավաստիացրել էր, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է, սակայն որևէ փաստական տվյալ չէր ներկայացրել։ Ընդամենը նշվել էր, որ այդ օրը դատարան մուտք է եղել 18 գործ և ըստ ազգանունների՝ մակագրվել, մինչդեռ, փաստաբանը գտնում է, որ, եթե այդպես է, դատարանի նախագահին ոչինչ չէր խանգարում՝ փաստական տվյալներ ներկայացնելու համար։ Ըստ, եթե չի պահպանվել կարգը, ապա կասկած է առաջանում, թե ինչու է կոնկրետ դատավորը քննում, և ինչու է գործը մակագրվել հենց նրան։

Սարգսյանը հիշեցրեց նաև ՄԻՊ-ի հայտարարությունը, որի համաձայն՝ որոշակի դատավորներ չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր, մեկուսացվել են։ Այսինքն, այն դատավորները, որոնք անկախության մասով լուրջ հեղինակություն ունեն և անկախության երաշխիքներ են տրամադրում՝ չեն քննում հասարակական հնչեղություն ունեցող գործեր։

Նշենք նաև, որ ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա նիստըն անցել է դռնփակ: Նախքան դատական նիստի դռնփակ անցկացնելու մասին որոշման կայացումը և հրապարակումը, դատավորը թույլ չի տվել լրագրողներին մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նիստն անցկացնել դռնբաց, որպեսզի նաեւ հասարակությունը ներկա լինի նիստերին, սակայն այն մերժվել է:

Այս պահին դռնփակ նիստում մեղադրյալների կալանքի հարցն է քննվում:

Հիշեցնենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակումներ կատարելու դեպքի առիթով։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, Դավիթ Գալստյանին՝ (Պատրոն Դավոյին)։ Քրեական գործ հարուցելու պատճառը բանակին մատակարարված 4200 անպիտան ու ժամկետանց հրթիռներն են եղել։

Հիշեցնենք, որ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զինամթերքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։