կարևոր
1102 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 15:40

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ թագուհուն

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ թագուհուն

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։

Հայաստանի Հանրապետությունը և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը հունվարի 20-ին, նշում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը: Հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 20-ին:

Միացյալ Թագավորությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը 1991 թ. դեկտեմբերի 31-ին: 1992 թ. հունվարի 20-ին Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Նույն թվականի հոկտեմբերին Լոնդոնում բացվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը: Ի դեպ, սա Եվրոպայում Հայաստանի առաջին դեսպանատունն է: Իսկ Միացյալ Թագավորությունում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպանը եղել է ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանը: Նա Լոնդոնում դեսպան է նշանակվել 1992-ին և հետագայում վերանշանակվել է նույն պաշտոնում երկու անգամ՝ 1998-2000 թթ. և 2013-2018 թթ.:

2020 թ. դեկտեմբերի 15-ից Միացյալ Թագավորության միապետ Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդի դեսպանը Հայաստանում Ջոն Պատրիկ Գալագերն է:

Իսկ 2021 հուլիսի 16-ից Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Վարուժան Ներսեսյանը։