կարևոր
1351 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 15:41

Զորքերի «հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է

Զորքերի «հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է

Այսօր կառավարության ճեպազրույցների սրահում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կրկին խոսել է հայկական և ադրբեջանակն զորքերի հայելային հետքաշման մասին՝ նշելով, որ հիմքում դրվում է Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզը կամ քարտեզները: 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ արձագանք կա Մոսկվայի միջոցով Ադրբեջանին ուղարկած անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների փաթեթից՝ հայտնեց, որ հայկական կողմը առաջարկությունները գրավոր է ներկայացրել, և ակնկալում է գրավոր արձագանք, որը Բաքուն դեռ չի արել:

Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանն այս թեմայով գրում է.

«Շփման գծից Հայաստանի զինված ուժերի և Ադրբեջանի օկուպացիոն զորքերի հայելային հետ քաշումն ուղղակի ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է և ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ։

Ընդամենը մի քանի օրինակ՝

  • Կապան քաղաք։ Քաղաքի հենց մուտքի մոտ գտնվող Կապանի օդանավակայանը ներկայիս շփման գծից հեռու է ընդամենը 50-100 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, քաղաքի կենտրոնական հրապարակու՞մ, թե՞ մոտ 43000 բնակչություն ունեցող մարզկենտրոն Կապանն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
  • Սյունիքի Խնացախ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 200-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
  • ▪ Սյունիքի Կոռնիձոր գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 500 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման« դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի միջնակարգ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
  • ▪ Սյունիքի Շուռնուխ գյուղ։ Ներկայիս շփման գիծն անցնում է գյուղի հենց միջով։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտու՞մ և հայաթափվելու՞ է։
  • Սյունիքի Ճակատեն գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է մոտ 350-400 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի 10-րդ դարի սուրբ Հռիփսիմե եկեղեցու կամ դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
  • Սյունիքի Ներքին Հանդ գյուղ։ Ներկայիս շփման գծից հեռու է 250-300 մետր։ Զորքերի «հայելային հետ քաշման» դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու, գյուղի դպրոցի բակու՞մ, թե՞ գյուղն ամբողջությամբ հայտնվելու է չեզոք գոտում և հայաթափվելու է։
  • Այս շարքը կարելի է շարունակել։ Մի քանի տասնյակ գյուղեր ու քաղաքներ են հայտնվելու աղետի առաջ։

Եզրահանգումը մեկն է․
«Հայելային հետ քաշում»-ը հակահայկական օրակարգ է՝ հղի նոր տարածքների կորստով, ինչն էլ իր հերթին անվտանգային նորանոր խնդիրներ է առաջացնելու մեզ համար, դարձնելու է մեզ էլ ավելի անպաշտպան և խոցելի։ Աղետի սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական, լոգիստիկ, հոգեբանական-ինքնութենական և այլ խնդիրների մասին դեռ լռում եմ․․․»,- ամփոփել է փորձագետը։