կարևոր
2257 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-20 15:08

Մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա

Մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքի գազալցակայաններում հեղուկ գազ չկա։ Panorama.am-ը գրում է, որ խնդրի առաջ կանգնած քաղաքացիներն ահազանգում են, նախ գազի գինը բարձրացավ 10-20 դրամով, ապա վերացավ։ Թե ինչքան կշարունակվի վառելիքի շուկայում ստեղված այս ճգնաժամը, գազալցակայաններում դժվարանում են ասել։

Նշենք, որ նման խնդրի առաջ վարորդները կանգնել էին մի  քանի ամիս առաջ՝ անցած տարվա հուլիս-օգոստոս ամիսներին։ Հենց դրանից հետո 1 լ գազը 180-200 դրամից դարձավ 240-260 դրամ։ Չի բացառվում, որ այս ճգնաժամից հետո կրկին թանկացում լինի։

«Այո, նման բացասական փորձ կա, երբ շուկայում վերջերս հեղուկ գազի դեֆիցիտ եղավ, հաջորդեց  հեղուկ գազի էական թանկացում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հեղուկ գազի դեֆիցիտի մասին հարցերին:

Նա նշեց, որ սա պայմանավորված է մի քանի գործոնով. «Առաջին. ցավոք սրտի, Հայաստանը գազ չունի, ամբողջ ծավալով ներկրում է ներքին սպառման համար, այդ շուկաներում կա  որոշակի թանկացում: Այստեղ մենք ականատեսն ենք լինում, վստահաբար, հեղուկ գազի նոր գնաճի»:

Երկրորդ գործոնը, ըստ տնտեսագետ պատգամավորի, փոքր շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանն է. «Փաստենք, որ Հայաստանի շուկան օբյեկտիվորեն փոքր է, ներկրման բարձր մենաշնորհացման աստիճանը շարունակում է պահպանվել:

Այն, որ ներկրող ընկերությունների անուններ է փոխվում,  չի նշանակում, որ մրցակցությունը դրանից ավտոմատ կերպով մեծանում է: Փոքր  շուկան և բարձր մենաշնորհացման աստիճանը ևս ազդում է գնի վրա»:

Թադևոս Ավետիսյանի ներկայացմամբ, երրորդ գործոնը բարձր մենաշնորհացման շուկաների նկատմամբ վերահսկողական մարմնի հսկողությունն է, որի վերլուծությունները, ուսումնասիրությունները երբեմն փաստաբանի գրած հիմնավորման տպավորություն են թողնում: «Փոխանակ օբյեկտիվ իրավիճակը վերլուծվի, նաև գործադրվեն պետական վերահսկողության լծակները ողջ ծավալով, քանի որ խոսում ենք լայն սպառման առարկայի գնաճի մասին, տեսնում ենք  որ, չէ, փորձ են անում ինչ-որ ձևով հիմնավորել այդ գնաճը»,-  ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա ընդգծեց, որ այս հիմնական գործունները բերելու են հեղուկ գազի թանկացմանը, դրան էլ պետք է գումարել մի նոր բացասական երևույթ, որը շուտով վրա կհասնի՝ բնական գազի թանկացումը:

«Առնվազն այսօր «Գազպրոմի» կողմից ներկայացված հայտ կա, ըստ որի՝  ապրիլի 1-ից ԱԳԼՃԿ-ների համար, այսպես ասաց սեղմված գազի վաճառքի կետերի համար,  հեղուկ գազն առնվազն 8-8,5 տոկոսով թանկանալու է: Կարծում եմ՝ առնվազն այդքան կամ ավելի կբարձրանա  բնական գազի սակագինը ԱԳԼՃԿ-ների համար, որն  էլ բերելու է վերջնական սպառողի համար սեղմված գազի թանկացման»,- ասաց Թ. Ավետիսյանը:

Նա նշեց, որ սոցիալական բունտ հասունանալու շատ պատճառներին կարող է գումարվել նաև սա, առնվազն տաքսի ծառայությունները բողոքելու օբյեկտիվ հիմք են ունենալու: