կարևոր
1672 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-20 13:59

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելուն․ Զախարովա

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով աշխատանքները շարունակելուն․ Զախարովա

Ռուսաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակելուն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին է Մոսկվայի դիրքորոշումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվել թույլ չտալու» մասին հայտարարությանը:

«Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, աջակցում է այս ձևաչափով աշխատանքի շարունակությանը, առաջին հերթին, իր մանդատի համաձայն, հաշվի առնելով տարածաշրջանային իրողությունները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականից հետո։ Մեր դիրքորոշումը լիովին կիսում են Մինսկի խմբի գործընկերները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան, դա արտացոլվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարության մեջ»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այս փաստաթղթում կոչ էր արվում Բաքվին և Երևանին՝ մոտ ապագայում ընդունել տարածաշրջանում համանախագահներին, ինչը նրանց թույլ կտա ուղղակիորեն «տեղում» գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթացի հասնել հումանիտար օգնության իրականացման գործում։

Նշենք, որ մի քանի օր առաջ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ: Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանն էլ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է: Վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019 թվականի վերջին։