կարևոր
3259 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-20 13:01

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը

Կառավարությունը մերժեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծը

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում հավանություն չտվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխության նախագծին, որով առաջարկվում է ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի չափը բարձրացնել՝ 68000 ՀՀ դրամից դարձնելով 100 000 ՀՀ դրամ։ Նախագիծը ներկայացվել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից՝ պատգամավոր Աղվան Վարդանյանի նախաձեռնությամբ: 

Կառավարության որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես, ասվում է, թե նախագծով առաջարկվող փոփոխության համար անհրաժեշտ բոլոր հաշվարկները ճշգրիտ և վերջնական արված չեն: Մինչդեռ նշում են, թե մինչև 2026 թվականը քայլեր են ձեռնարկելու նվազագույն աշխատավարձը 85.000 ՀՀ դրամ սահմանելու ուղղությամբ։ 

«Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի համաձայն՝ կառավարությունը Նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

Այլ կերպ ասած, նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտաբար պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով՝ որպես լրացուցիչ ծախսի ֆինանսավորման աղբյուր և հիմք, մինչդեռ տվյալ դեպքում պարզ չէ, թե մակրոտնտեսական ցուցանիշների ինչպիսի փոփոխություններ են հիմք դարձել խնդրո առարկա նախաձեռնության համար:

Նվազագույն աշխատավարձի շեշտակի բարձրացումը կարող է ուղեկցվել փաստացի արձանագրվող աշխատաժամերի աճով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագիծը չի անդրադարձել գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափին՝ նախագծի ընդունումը կարող է ուղեկցվել նաև ոչ լրիվ դրույքով աշխատողների թվաքանակի աճով:

Նվազագույն աշխատավարձի՝ հատկապես մեծ չափով փոփոխությունները պարունակում են էական գնաճային ռիսկեր: Տարբեր վերլուծությունների համաձայն նվազագույն աշխատավարձի յուրաքանչյուր 10% ավելացումը կարող է հանգեցնել 0.3-0.7 տոկոսային կետ լրացուցիչ գնաճի:

Նշված պայմաններում նախագծի ընդունումը նպատակահարմար չէ»,- նշում է գործադիրը: