կարևոր
985 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 12:00

Զավթման գործողություն եք իրականացնում. Արծվիկ Մինասյան

Զավթման գործողություն եք իրականացնում. Արծվիկ Մինասյան

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի կարող է կարգավորվել ԱԺ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Քվեարկությունից առաջ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ առաջարկվել է առավել հիմնավոր քննարկում իրականացնել նախագծի վերաբերյալ, հակառակ դեպքում այն ինչ ներկայացված է, ընդդիմությանը վերապահված պաշտոնների զավթման գործընթաց է ընկալվում:

«Եթե ուզում ենք հիմնարար լուծել հարցը, դուք էլ դեմ քվեարկեք, նստենք քննարկենք, հիմնարար լուծումներով գանք: Հակառակ դեպքում կստացվի, որ պարզապես փոփոխություն է արվում ընդամենն այդ պաշտոնը ընդդիմությունից խլելու համար: Մեր խմբակցությունը երբեք շոուներ չի կազմակերպել, հակառակը՝ ձեր վարքագիծը ցույց է տալիս, որ զավթման գործողություն եք իրականացնում»,- ասաց նա:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին ԱԺ նիստում կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 33, և ևս 3 բացակա պատգամավոր ծրարով թողել էին իրենց քվեարկությունները:

Երեկ քննարկումների ժամանակ նախագծի հեղինակը՝ Վիլեն Գաբրիելյանը, հիշեցրել էր, որ 8-րդ գումարման ԱԺ-ի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը չի կարողանում ընտրել նախագահի տեղակալ: Իրավասու խմբակցությունն արդեն 14 անգամ առաջադրել է նույն թեկնածուին՝ Արթուր Ղազինյանին, սակայն հանձնաժողովի մեծամասնությունը թեկնածուին չի ընտրում, և կանոնակարգը տվյալ խնդիրը չի կարգավորում:

Այսպիսով` պատգամավորն առաջարկում է սահմանել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում առաջադրում է նոր թեկնածու: Միևնույն ժամանակ, նոր թեկնածու` չի նշանակում, որ նույն մարդը մի քանի անգամ չի կարող առաջադրվել. եթե, օրինակ, մի անգամ առաջադրվի ու չընտրվի, և հաջորդ անգամ առաջադրված այլ թեկնածուն ևս չընտրվի, ապա դրանից առաջ առաջադրված մարդը կրկին կարող է առաջադրվել:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ նշել էր, որ ակնհայտ է, որ հիմնական նպատակն է կանխել ընդդիմության թեկնածուի, այս դեպքում՝ Արթուր Ղազինյանի ընտրությունը: Նա հայտարերլ էր, որ  հանձնաժողովում առկա է ճգնաժամ, որի  պատճառն իշխանությունն է, որը փորձում է իր նախասիրությունների շրջանակում վարվել այս դեպքում:

«Այս փակուղին, որն իրականում իշխանության գործողությունների հետևանքով է  ստեղծվել, բավականին մեծ վնաս է հասցրել հանձնաժողովի հեղինակությանը»,- նշեց նա։