կարևոր
1393 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-20 11:37

Նորաթուխ պատգամավորների մեկտողանոց կենսագրությունները

Նորաթուխ պատգամավորների մեկտողանոց կենսագրությունները

ՔՊ-ական պատգամավորներ Սերգեյ Մովսիսյանի եւ Սեդրակ Թեւոնյանի՝ մանդատները վայր դնելու եւ մարզպետ նշանակվելու հաշվին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրվեց երկու նոր պատգամավորներով՝ մանդատ ստացան Լիլիթ Կիրակոսյանն ու Էդգար Հակոբյանը։

«Հրապարակ»-ը փորձել է հասկանալ, թե ովքեր են նրանք, ինչ կենսագրություն ունեն։

Լիլիթ Իշխանի Կիրակոսյանի էջում՝ parliament.am կայքում, ընդամենը մի տող կա՝ ծննդյան տարեթիվը՝ 13.09.1988, եւ կուսակցական պատկանելությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»։

Իսկ ՔՊ կայքում տեղադրված կենսագրությունից իմացանք, որ նա 2005-2009 թթ․ սովորել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, 2006-2007 թթ․ աշխատել է գովազդային կազմակերպությունում՝ որպես աշխատանքային կառավարման համակարգող, 2011-2012 թթ․՝ «Liberta» խանութների ցանցում՝ որպես ապրանքի ներմուծման եւ արտահանման պատասխանատու։ 2013-2017թթ․ եղել է «Hellotex» ՍՊԸ-ի արտահանման եւ ներմուծման պատասխանատուն։ 2015-2018թթ․ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Հեղափոխությունից հետո նրա «բախտը բացվել է», եւ նա 2018-2020 թթ․ աշխատել է «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամում՝ որպես ՄՌ կառավարիչ։ Նույն թվին դարձել է Երեւանի ավագանու անդամ, իսկ 2021-ից ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է եղել։ 2021թ․ փետրվարից սկսել է աշխատել ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում՝ որպես ծրագրերի կառավարման դեպարտամենտի պետի օգնական։ Եվ ամենակարեւորը՝ 2020թ․ սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է եւ մասնակցել պատերազմին՝ Ստեփանակերտում բուժաշխատակից է եղել։ Եթե գեղեցիկ շարադրված նախադասությունների ազդեցության տակ չընկնենք, կարող ենք ասել, որ մարդու կենսագրությունը սկսվել է 2018-ից եւ այն էլ շատ տպավորիչ չի, իսկ հիմա՝ «с короблья на бал» տարբերակով, հայտնվել է Ազգային ժողովում։

Մյուս նորաթուխ պատգամավոր Էդգար Հակոբյանի կենսագրությունը նույնպես դեռ չկա ԱԺ կայքում, նշված է ծննդյան տարեթիվը՝ 18.07.1985, եւ կուսակցական պատկանելությունը՝ «Քաղպայմանագիր»։ Մամուլում գրվեց, որ նա Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հեռավոր բարեկամն է։ Սակայն տարօրինակ է, որ Էդգար Հակոբյանի մասին ոչ մի բառ չկա https://www.civilcontract.am/ կայքում։ ՔՊ կայքի «Մենք» բաժնում մի մեծ խումբ պատգամավորության թեկնածուներ են ներկայացված՝ ըստ ցուցակի հերթականության, սակայն ցուցակի 88-րդ համարը չկա, 87 համար Լիլիթ Կիրակոսյանին հաջորդում է 89-րդ համար Ռազմիկ Մկրտչյանը․ Էդգար Հակոբյանին, չգիտես ինչու, շրջանցել են։ Իսկ ԿԸՀ կայքում նրա անվան դիմաց ընդամենը նշված է՝ չի աշխատում։ Հերթական անկենսագրություն անձին, փաստորեն, ՔՊ-ն բերել է խորհրդարան։

Բնականաբար, լրագրողներին հենց առաջին նիստերի ընթացքում հետաքրքրում էր, թե ովքեր են նորաթուխ պատգամավորները, եւ նրանք փորձում էին հարցեր տալ ու լսել, թե սույն պատգամավորներն ինչ են մտածում այս կամ այն խնդրի մասին։ Սակայն նրանք երկուսն էլ համառորեն խուսափում էին լրագրողների հետ շփվելուց, հարցերին պատասխանելուց։

Հակոբյանը միայն հերքել էր, որ ինքն Աննա Հակոբյանի բարեկամն է։ Մեզ ասացին, որ իրականում նրա կինն է Փաշինյանի կնոջ հետ բարեկամական կապի մեջ, բայց Էդգար Հակոբյանն այդ մասին չի հայտնում՝ նշելով, թե իր կուսակցական գործունեության արդյունքում է հայտնվել ՔՊ ցուցակում։ Թե ինչով է զբաղվելու խորհրդարանում, որ հանձնաժողովում է ընդգրկվելու, ինչ է մտածում այն մասին, որ իրենց իշխանությանը մեղադրում են Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի հարցում, Հակոբյանը չի ուզում արտահայտվել․ «Կխոսենք, եղբայր ջան, հաջորդ անգամ կզրուցենք, մյուս անգամ, էլի»։

Մյուս պատգամավորը՝ Լիլիթ Կիրակոսյանը, նույնպես չի ցանկանում խոսել լրագրողների հետ։ Երեկ, երբ նրան հարցրինք, թե ինչ պլաններով է եկել խորհրդարան, ինչ է անելու այստեղ՝ որպես օրենսդիր, ասաց․ «Ես երեկ էլ ասացի, որ դեռ սա իմ երկրորդ օրն ա, ինձ որոշ ժամանակ ա անհրաժեշտ, որպեսզի հետո արդեն կարողանամ հարցերին պատասխանել։ Մանդատս վերցրել եմ ամսի 13-ին, էսօր դեռ 18-ն է»։ Միայն ասաց, որ ինքը, հավանաբար, կընդգրկվի տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում։ Հարցին՝ տեղյա՞կ է, որ մի թիմի մաս է կազմում, որին մեղադրում են Արցախը հանձնելու, հազարավոր զոհերի պատճառ դառնալու մեջ, նորաթուխ պատգամավորն ասաց, որ հիմա չի պատասխանի այդ հարցերին։ Եվ արագ շտապեց անցնել դեպի «ԱԺ անվտանգության աշխատակիցների կողմից վերահսկվող զոնա», որտեղ լրագրողների մուտքն արգելված է, որպեսզի այլեւս  հարց չկարողանանք ուղղել նրան։ Առհասարակ, բոլոր իշխանական պատգամավորներն էլ, թաքնվելով անվտանգության աշխատակիցների հետեւում, խուսափում են լրագրողների հարցերին պատասխանելուց։

Նոր մանդատ ստացած ՔՊ-ականների այս պատասխաններից կարելի է եզրակացնել, որ նրանց հանձնարարված է լռել, որ կիքսեր թույլ չտան, կամ էլ՝ նրանք ի վիճակի չեն սեփական ուժերով տարրական հարցերի պատասխանել, եւ նրանց դեռ պետք է ինստրուկտաժ անեն փորձառու «ուսապարկերը», թե ինչպես «կռուտիտ» անել, ինչպես «ցրել» լրագրողներին ու չպատասխանել հարցերին՝ միաժամանակ մի քանի նախադասություն ասելով, որ չհանդիմանենք ՔՊ-ին հերթական անարժան ու անպատրաստ մեկին երկրի թիվ մեկ քաղաքական մարմին բերելու համար։