Հունվարի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը:
Գործը անցնում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիկ Մուրադյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ):
Պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ պաշտպանական կողմը պահանջել էր դռնբաց դատական նիստ, սակայն դատախազությունը դեմ էր:
Նախքան դատական նիստի դռնփակ անցկացնելու մասին որոշման կայացումը և հրապարակումը, դատավորը թույլ չի տվել լրագրողներին մուտք գործել դատական նիստերի դահլիճ:
«Պաշտպանական կողմով պայքարում էինք, որ դռնբաց դատական նիստ լինի, որպեսզի բոլորը տեսնեն, թե ինչ փաստեր կան, և արդյոք այն, ինչ տեղի է ունեցել նախաքննության փուլում, իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց քանի որ դատախազությունը գրությամբ միջնորդել էր, որ դռնփակ լինի, իմ համոզմունքը սա է՝ պետական մարմինները հատուկ ցանկանում են նիստը դռնփակ անել, որովհետև այդպես իրենց ազատ են զգում՝ հրապարակելու ցանկացած տվյալ: Մեզ հետ քննարկման արդյունքում չի կայացվել որոշումը, այն ի սկզբանե կայացված էր»,-նշել է գործով մեղադրյալ Ավետիկ Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
«Տեղի է ունեցել օրենքի խախտում, քանի որ դատարանը կողմերից կարծիք չհարցնելով, որոշում էր կայացրել դռնփակ նիստ անցկացնելու մասին: Ընդ որում, առաջին դատական նիստը դռնփակ անցկացնելու որևէ իմաստ չկար, դա կարող էր քննարկվել հետագա փուլերում, երբ բացարկի հարցը կլուծվեր»,- հավելել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Նիստին պաշտպանական կողմը միջնորդել է, որ դատարանը նախագահից պարզի եւ փաստական տվյալ ներկայացնի գործի մակագրման կարգի պահպանման վերաբերյալ։ Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց: Այն կշարունակվի վաղը՝ 11։00-ին։
Հիշեցնենք, որ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զինամթերքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով: