կարևոր
1411 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 17:10

Ինչպես եռամյա դառը կյանքը ցույց տվեց, նորից Փաշինյանը չասի՝ թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավո՞րն էլ...

Ինչպես եռամյա դառը կյանքը ցույց տվեց, նորից Փաշինյանը չասի՝ թիվ մեկ պատասխանատուն ես եմ, բայց մեղավո՞րն էլ...

Կառավարության հարցուպատասխանի ժամին այսօր Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը կրկին բարձրաձայնեց Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հարցադրումները

  • Ռուբեն Ռուբինյանին հատուկ ներկայացուցիչ նշանակելու որոշումը ո՞վ է կայացրել,
  • ինչի՞ հիման վրա է կայացրել,
  • Ռուբեն Ռուբինյանն ունի՞ արդյոք լիազորություններ:
  • Կա՞ որևէ փաստաթղթի հիման վրա որևէ սահմանված Ռուբինյանի հատուկ լիազորությունները, պարտականությունները, առաքելության նպատակը, հաշվետվողականության ձևաչափը: 

«Միայն նորից չասեք, թե հատուկ ներկայացուցիչը կարգավիճակ չէ, այլ գործառույթ, հակառակ դեպքում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի ներկայացուցիչների մակարդակները խիստ տարբեր են, հավասարը հավասարի հետ չեն բանակցում, որովհետև Ռուբինյանը հանդիպում է Թուրքիայի նախագահի կողմից հրամանագրով նշանակված  հատուկ ներկայացուցչի հետ, իսկ Ռուբինյանը չունի որևէ իրավական կարգավիճակ»:

Պատգամավորը հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին, որն էլ, չնայած կրկին անգամ պատասխան չտվեց գրավոր իրավական փաստաթղթի մասին հարցին, սակայն նշեց, որ ինքն է որոշումը կայացրել. 

«Ռուբեն Ռուբինյանին այդ կարգավիճակով օժտելու որոշումը ես եմ կայացրել, կայացրել եմ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Ռուբինյանը հաշվետու է ինձ, ՀՀ անվտանգության խորհրդին և, մեծ հաշվով նաև՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին»,- հայտարարեց Փաշինյանը:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը կրկին հնչեցրեց հարցը՝ Կա՞ որևէ գրավոր փաստաթուղթ:

«Ինչպես մեր դառը եռամյա կյանքը ցույց տվեց, չեմ ուզենա հավատալ, եթե վաղը Ռուբինյանն այդ բանակցություններում վտանգավոր որևէ համաձայնություն կայացրեց, հետո նույնիսկ քաղաքական մեծամասնությունն էլ ընդվզի՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ որևէ թուղթ չկա: Մի անգամ տեսել ենք, որ Փաշինյանն ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավո՞րն եմ... այդ ժամանակ էլ չի ասի, որովհետև Ռուբինյանը կամ որևէ մեկը չեն կարող ցույց տալ թուղթ, որ՝ գիտես, Նիկոլ Փաշինյա՛ն, դու ես Ռուբեն Ռուբինյանին գործուղել: Միակ մեղավորը մնում է Ալեն Սիմոնյանը, որովհետև իր գրավոր կարգադրությամբ է գործուղվել ԱԺ փոխնախագահը»:

Փաշինյանը կրկին հայտարարեց՝ պրոցեսի ամբողջ պատասխանատվությունը կրում եմ և կրելու եմ անձամբ ես:

Ի հավելում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Փաշինյանին հիշեցրեց, որ ՀՀ Սահմանդրության 6-րդ հոդվածը հստակ է սահմանում, որ պաշտոնյան իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որի համար լիազորված է սահմանադրությամբ կամ օրենքով: 

«Պարոն Ռուբինյանը Ազգային ժողովի պատգամավոր է, Սահմանադրությունը և օրենքը սահմանել են իր լիազորությունները, որի մեջ չկա այն լիազորությունները որ նշվում են»,- ասաց Արծվիկ Մինասյանը: