կարևոր
1375 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 17:38

Դինքը սպանվեց, քանի որ ասաց՝ «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու». այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Դինքը սպանվեց, քանի որ ասաց՝ «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու». այսօր Հրանտ Դինքի հիշատակի օրն է

Դինքը սպանվեց, քանի որ ասաց. «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու»։ Սպանվեց, քանի որ ասաց, որ հնարավոր է և՛ հայ լինել, և՛ հավասար իրավունքներով քաղաքացի։

«Ես ունեմ երկու դեմք և երկու գիտակցություն: Նախ՝ ես ապրում եմ Թուրքիայում, ես Թուրքիայի քաղաքացի եմ։ Երկրորդ՝ ես հայ եմ»։ Սրանք հայազգի հայտնի լրագրող, հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի խոսքերն են, ով սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոս» թերթի խմբագրության դիմաց։

Դինքի մահն անհավանական լայն արձագանք առաջացրեց աշխարհում։ Հիմա ամբողջ աշխարհում անհնար է գտնել մի հայի, որը չգիտի և չի լսել Հրանտ Դինքի, ինչպես նաև նրա սպանության մասին։ Բայց, ցավոք, շատերը նրա մասին իմացան ոչ թե կենդանության օրոք, այլ մահից հետո։ Նրա մահից անցել է 15 տարի, բայց բոլորը հիշում են, թե ինչպես ամբողջ Ստամբուլը նրան ճանապարհեց իր վերջին ճամփորդության ժամանակ՝ «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք» պաստառներով։ Եվ նրանք հայ չէին, այլ թուրք։ Թուրք մտավորականության համար Դինքի սպանությունը շոկ էր: Դինքը հավատում էր, որ Թուրքիան կարող է փոխվել։

Թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ հունվարի 15-ին Հրանտ Դինքի սպանության 15-րդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում պնդում է. Հրանտ Դինքը հոգեբանական գերակայություն է։ Նա գուցե շատ դանդաղ, բայց ներթափանցում է այս հասարակության մազանոթների մեջ։ Դինքին իմանալ և հասկանալ ցանկացողների թիվն աճում է, քանի որ Դինքը ներկայացնում է մի նոր բան, որը մենք կարոտում ենք։

«Դարձյալ հունվարի 19-ը և Հրանտ Դինքի դաժան սպանությունը… Մենք ոգեկոչելու ենք Հրանտի հիշատակը և կխոսենք Հրանտի մասին: Նախ, դիտարկում. 15 տարի է անցել, հեշտ է ասել: Թուրքիայի պատմության մեջ ոչ մի սպանված մարդ, այսքան երկար ժամանակ չի հիշվել՝ նույն համառությամբ ու վճռականությամբ: 

Թուրք պրոֆեսորը Դինքին անվանել է Թուրքիայի Մարթին Լյութեր Քինգ։

«Հրանտ Դինքը, ինչպես Մարթին Լյութեր Քինգը, սպանվեց, քանի որ ուներ փիլիսոփայություն, որը կասկածի տակ էր դնում հանրապետության հիմնադրումը։  Նա սպանվեց, քանի որ քաղաքացիական հավասար իրավունքներ էր պահանջում։

Քանի դեռ Դինքին չեն հռչակել հանրապետության հիմնադիր, այս երկրում ժողովրդավարությունը և մարդու իրավունքների հարգանքը չեն տիրի և այս հանրապետությունը չի կարող պսակվել ժողովրդավարությամբ։

Այս հանրապետությունը հիմնվել է՝ մարգինալացնելով հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին։ Դինքը սպանվեց, քանի որ ասաց. «Ես հայ եմ. ինձ այսպես եք ընդունելու»։ Սպանվեց, քանի որ ասաց, որ հնարավոր է և՛ հայ լինել, և՛ հավասար իրավունքներով քաղաքացի: Այսինքն՝ Հրանտը սպանվել է Թուրքիայում՝ բոլոր հայերի, հույների, ասորիների, հրեաների և քրդերի հավասար քաղաքացական իրավունքները պաշտպանելու համար: Նրան Հանրապետության հիմնադիր հռչակելը ամենամեծ ինքնաքննադատությունն է այս սպանության դեմ»,- հայտարարում է թուրք պատմաբանը։

Դինքը երկար ժամանակ սպառնալիքներ էր ստանում թուրք ազգայնականներից, սակայն նրան այդպես էլ պաշտպանություն ապահովող անվտանգության աշխատակից չտրամադրվեց։ Իր վերջին հոդվածում նա գրել է. «Պարոնայք նախարարներ, գիտե՞ք ինչ է, երբ դուք և ձեր ընտանիքը ենթարկվում եք մշտական վիրավորանքների և սպառնալիքների... Ես բազմիցս մտածել եմ երկիրը լքելու մասին։ Բայց այն ինձ համար չէ։ Գիտեմ, որ 2007 թվականն ինձ համար ավելի ծանր է լինելու, քան անցյալ տարի։ Ես հոգնած եմ և վախեցած՝ ինչպես ցնանցն ընկած աղավնին: Բայց ես դեռ հավատում եմ, որ իմ երկրում աղավնիներ չեն սպանում»։

Դինքին սպանող 17-ամյա Օգյուն Սամասթին անմիջապես բերման են ենթարկել, քանի որ նա «երևացել էր» անվտանգության տեսախցիկների առաջ։ Ուժային կառույցները նաև ձերբակալել են ավելի քան մեկ տասնյակ մարդկանց, որոնք կասկածվում են հանցակցության մեջ:

«The Independent»-ը Հրանտ Դինքին անվանել է Հայոց ցեղասպանության 1,500,001-րդ զոհը։ «Der Standard»-ը «Փշրված հույսեր» հոդվածում կատարվածն անվանել է աղետ. «Հրանտ Դինքի մահով մարեց թուրքական ժողովրդավարական և իրավապաշտպան շարժման փարոսը, որին փոխարինում չի սպասվում մոտ ապագայում»։