կարևոր
1135 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 13:58

Ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանից

Ավարտվել է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղազախստանից

Ռուսաստանի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները ռուս խաղաղապահներին Ղազախստանից տեղափոխել են Մոսկվա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 4 ինքնաթիռով տուն են վերադարձել խաղաղապահների վերջին ստորաբաժանումներն ու խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը՝ գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովի գլխավորությամբ: Ինքնաթիռները Ռուսաստան են մեկնել Նուր-Սուլթանի և Ալմաթիի օդանավակայաններից:

Ավելի վաղ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով հայրենիք են վերադարձել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության խաղաղապահ զորամասերը։ Ղրղզստանի Հանրապետության խաղաղապահները վերադարձել են տուն՝ շարասյան կազմում երթով անցնելով ստանդարտ տեխնիկայով և զենքերով:

Ավելի քան 100 չվերթ Ղազախստանից դեպի Մոսկվայի մարզ, Իվանովո, Ուլյանովսկ, Երևան, Դուշանբե, Մինսկ քաղաքներ իրականացվել են ՌԴ ՊՆ Իլ-76 և Ան-124 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով՝ ՀԱՊԿ խաղաղապահներին հայրենիք վերադարձնելու նպատակով։ 

Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝  ՀՀ կառավարության հունվարի 6-ի որոշմամբ թույլատրվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին: Հունվարի 7-ին 100 հայ զինծառայող մեկնել է Ղազախստան: