կարևոր
1294 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 13:45

Ռուբեն Ռուբինյանն ունի հակասահմանադրական կարգավիճակ․ Էդգար Ղազարյան

Ռուբեն Ռուբինյանն ունի հակասահմանադրական կարգավիճակ․ Էդգար Ղազարյան

Ազգային ժողովում քննարկումների առանցքում ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հստակ հարցադրումներ ուղղեց՝ պարզելու Ռուբեն Ռուբինյանին ՀՀ հատուկ ներկայացուցիչ նշանակելու իրավական հիմքերը, նրա լիազորությունները: 

«Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Ռուբինյանը: Մինչև հիմա չկա հստակ որևէ կարգավիճակ, բացառությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մամուլին շաբաթ ուշ երեկոյան տված մի հայտարարությունից: Իրավական որևէ կարգավորում՝ հրամանագիր, որոշում կա՞: Չկա: Ի՞նչ լիազորություններով է Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայ հետ բանակցություններում: Կա՞ լիազորությունների շրջանակ..»:

Ռուբինյանը հարցերին պատասխանում էր հիմնականում հեգնանքով, ու այն մեղադրանքին, որ նա հատուկ բանագնացի դերում հայտնվել է սահմանադրության խախտմամբ, պատասխանեց․ «Նախ, հատուկ բանագնաց չի, ներկայացուցիչ է, իսկ դա գործառույթ է, ոչ թե պաշտոն։ Ես ինչպես եղել եմ ԱԺ փոխխոսնակ, այնպես էլ շարունակում եմ մնալ, որը կատարում է հատուկ ներկայացուցչի գործառույթ»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշում է, որ ՀՀ սահմանադրության համաձայն՝ իշխանության ուժերը տարանջատված են, իսկ արտաքին քաղաքական հարցերով զբաղվելը Սահմանադրությունը վերապահել է գործադիր իշխանությանը։ «Բացի դա, ոչ մի իրավական ակտ գոյություն չունի, համաձայն որի՝ Ռուբեն Ռուբինյանը կատարում է հատուկ ներկայացուցչի գործառույթը, չկա ոչ նախագահի հրամանագիր, ոչ վարչապետի որոշում։

Ինչ վերաբերում է Ռուբինյանի հայտարարությանը, որ դա գործառույթ է, ոչ թե՝ պաշտոն, Ղազարյանն ընդգծում է, որ դա Կառավարության գործառույթն է, ոչ թե օրենսդրի․ «Եթե Ռուբինյանն ուզում էր զբաղվել այդ գործով, նա պետք է հրաժարական տար ԱԺ փոխխոսնակի պաշտոնից և վարչապետի որոշմամբ նշանակվեր հատուկ հարցերով հանձնակատար։

Փաստացի ստացվում է, որ Թուրքիայի կողմից կա Թուքրայի նախագահի հրամանագրով նշանակված հատուկ հարցերով դեսպան, իսկ Հայաստանի կողմից պաշտոնապես նշանակված պաշտոնյա գոյություն չունի, իսկ Ռուբեն Ռուբինյանն այդ պաշտոնում ունի հակասահմանադրական կարգավիճակ»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- հանդիպման արդյունքների մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հայաստանի հատուկ ներկայացուցիչն է խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: