կարևոր
967 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-19 12:31

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է. նախարար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է. նախարար

Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախ այցի համար տարբեր խոչընդոտներ ստեղծել: Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նա արձանագրեց, որ արդեն բավական երկար ժամանակ համանախագահները չեն այցելում Արցախ։ Վերջին անգամ նրանք Ստեփանակերտում են եղել 2019 թվականի վերջին։ Այնուհետև եղավ կորոնավիրուսի համաճարակ, որին հաջորդեց 44-օրյա պատերազմն իր հետևանքներով։

«Գլխավոր խոչընդոտը Ադրբեջանն է, որը փորձում է թույլ չտալ կամ բարդացնել նրանց այցը տարածաշրջան։ Իհարկե, մենք մշտական կապի մեջ ենք համանախագահների հետ։ Երևանում, ինչպես գիտեք, կայացավ հանդիպում Արցախի նախագահի և ՌԴ նորանշանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի (Իգոր Խովաևի -խմբ.) հետ, որին ես նույնպես ներկա էի: Մենք բարձր ենք գնահատում այդ հանդիպումը», - ասաց Բաբայանը ։

Նա ընդգծեց, որ վաղ թե ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը պետք է կայանա, և Ստեփանակերտում հույս ունեն, որ այն սարերի ետևում չէ, առավել ևս, որ համանախագահները շահագրգռված են և խոսում են այդ մասին:

Բաբայանի խոսքով ՝ ԱԳՆ-ում ծանոթ են համանախագահների հասցեին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին: Իլհամ Ալիևի տրամաբանությամբ ՝ այդ ձևաչափը պետք է փակվի, սակայն դժվար թե համանախագահ երկրները ենթարկվեն այդ շանտաժին։

Հավելենք, որ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հունվարի 17-ին «Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության առցանց ճեպազրույցում նշել է, որ համանախագահների եռյակը դեռևս չի կարողանում այցելել տարածաշրջան, ծանոթանալ իրավիճակին և նախանշել կոնկրետ միջոցներ՝ կողմերին օգնելու մարդկանց միջև կապեր հաստատելու, հումանիտար խնդիրների լուծման գործում։