Ազգային ժողովի այսօրվա նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախարարի խոստումը՝ կրկին հարցադրելով․«Պարոն Քերոբյան, ինչո՞ւ չեք տալիս հրաժարական, թե՞ Ձեր խոստումը մնացել է օրինակ՝ տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, ըստ Ձեր տրամաբանության՝ խցանման մեջ»։
«Ինձ հետաքրքրում է, թե Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այնպիսի անձնավորություններին, որոնք մի բան խոստանում են, հետո հետ են կանգնում իրենց խոստումից․ ԱԺ ամբիոնից էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարց ուղղեց Արեգնազ Մանուկյանը:
Այնուհետև հենց ամբիոնից պատգամավորը միացրեց Վահան Քերոբյանի հարցազրույցներից մեկի ձայնագրությունը, որում նախարարն ասում է. «Ինչ վերաբերում է հաջորդ տարվան, ապա ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի»: Լրագրողի հարցին՝ ի՞նչ եք անելու, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, Քերոբյանն ասում է. «Հրաժարական եմ տալու»:
Շարունակելով խոսքը՝ Արեգնազ Մանուկյանը նշեց․ «Պարո՛ն Քերոբյան, այս մարդը խոստանում էր, որ եթե 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա ինքը հրաժարական է տալու: Երկնիշ աճ ապահովեց, բայց՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների մասով, երկնիշ տնտեսական աճ չապահովեց, բայց այս մարդը հրաժարական չտվեց։ Ուստի՝ հարցս․ ե՞րբ եք հրաժարական տալու»,- հարցրեց պատգամավորը:
Հարցին ի պատասխան Քերոբյանն արձագանքեց․ «Ձայնագրությունը կիսատ է և, եթե բարի լինեք ամբողջությամբ միացնել այն , բոլորի համար պարզ կլինի, որ դա կատակով արված արտահայտություն է»,-արդարացավ նախարարը։