Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրն այն է, թե ինչ գնով և ինչի հաշվին է դա լինում։ Հասարակությունը պետք է տեղեկանա, թե ինչպիսի ծանր, աղետաբեր օրակարգի առաջ է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը: ԱԺ փոխնախագահը գտնում է, որ գործող իշխանությունները, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ շահերը։
«Թուրքիան նույն Թուրքիան է, բայց Հայաստանը պատերազմից հետո այլևս նույն Հայաստանը չէ։ Հետևաբար, իրենք երկիրը տանում են նոր, վտանգավոր ցիկլի մեջ։ Եթե առաջինի դեպքում իրենց բանակցությունների արդյունքում ունեցանք Արցախի տարածքների մեծ մասի կորուստ, այս պարագայում արդեն Հայաստանի գոյությունն է դրվում հարցականի տակ»,-նշեց ԱԺ փոխնախագահը։
«Բոլոր սադրանքները և նախորդ օրվա միջադեպը, որ փորձում են գցել ընդդիմության գրպանը, թե իբր մենք պատրաստ չենք բովանդակային քննարկման, ճիշտ չէ: Առաջինը իրենք պատրաստ չեն, և հաճախ այդ սադրանքները և երեկվա դեպքերը տեղի են ունենում հենց դրա շրջանակներում: Մենք գտնում ենք, որ խորհրդարանն, իրոք, պետք է բովանդակային մանրամասն քննարկի հայ-թուրքական բանակցությունների ընթացքը և հասարակությունը տեղեկանա, թե ինչպիսի ծանր, աղետաբեր օրակարգի առաջ է կանգնած մեր երկիրը և ժողովուրդը:
Անկախ նրանից, ՀՅԴ-ն եղել է իշխանության մեջ, թե ընդդիմություն է եղել, իր տեսակետներում երբեք փոփոխություն չի եղել: Դաշնակցությունը գաղափարախոսություն, ծրագիր և կարմիր գծեր ունեցող կուսակցություն է՝ ի տարբերություն իրենց: Իրենք մինչև իշխանության գալը, հիշում եք, թե ինչպես էին արտահայտվում ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի նկատմամբ, բայց իշխանություն դառնալուց հետո փոխեցին իրենց տեսակետը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կողմից գաղտնի բանակցություններ վարելու մասին հնչեցված հայտարարությանը, ապա պարզ, հստակ ասվեց, որ այդ նամակը մամուլով հրապարակվել է: Տարբերությունն այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է նման բովանդակությամբ նամակ ուղարկել Էրդողանին:
Անցնող 30 տարվա ընթացքում ըմբռնումով ենք մոտեցել ՀՀ քաղաքականությանը՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իմաստով։ Որևէ զիջում, որևէ նախապայմանի բավարարում մեր կողմից անհանդուրժելի է, և կապ չունի, թե որ իշխանության օրոք կլինի։ Ռոբերտ Քոչարյանի օրոք այդ զիջումները չեն եղել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Արմատական գործողություններ դեռ տեսնելու եք, որևէ բան չի փոխվել և Դաշնակցության, և Սփյուռքի համար այն կարմիր գիծ է: Մենք 70 տարի Սփյուռքում այս գաղափարի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար պայքարել ենք, կյանքեր են դրվել այդ գործի մեջ, զոհաբերություններ են եղել: Չի կարող որևէ իշխանություն գնալ ուրացման ճանապարհով, և մենք հանդուրժենք: Այստեղ մենք անզիջում պայքարելու ենք, ձախողելու ենք այս օրակարգը: Այդ ամեն ինչը վիժեցնելու ճանապարհը դիմադրությունն է, որը պետք է անենք»:
Արցախի մասին հարցին Սաղաթելյանը հստակ պաատսխանեց՝ Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն
«Մենք նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ կապված բազմաթիվ անգամ ասել ենք, որ, ըստ էության, այդ փաստաթղթի բոլոր պայմանները, ցավոք սրտի և դժբախտաբար կատարվել են, բացի գերիների վերադարձի կետից: Մենք պետք է ձգտենք նոր եռակողմ, մեր համար նպաստավոր պայմանագրի կամ հայտարարության ստորագրման:
Նախընտարկան շրջանում հստակ ասել էինք, որ գալիս ենք արժանապատվությունը վերականգնելու և արժանապատիվ խաղաղություն հաստատելու: Դաշնակցության անունից ասում եմ, որ երբեք չենք համակերպելու Արցախում ունեցած կորուստների հետ: Ուզում եք դաշնակցության տեսակետը իմանալ՝ ասեմ, այո, Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն: Շատ հստակ եմ ասում ու շատ ուղիղ եմ ասում: Մենք չենք կարող հրաժարվել մեր պատմական հայրենիքից և անժամանցելի իրավունքից: Ինչպե՞ս… Մենք տեսնում ենք, որ եթե լինի ազգային իշխանություն, վերականգնվի բանակը, հնարավորությունները, ռեսուրսները, այն ամեն ինչը, որ տեղի է ունեցել, ապա կատարվածը դատավճիռ չէ, հայ ժողովրդի և Արցախի վերջը չէ:
Նրանք, ովքեր կասեն, որ Հադութն ու Շուշին Ադրբեջանինն են, նրանք մեր կողմից դավաճան, հայկական պատմական հողերից հրաժարվող մարդիկ են՝ լինեն ընդդիմություն, թե իշխանություն»,- ամփոփեց Սաղաթելյանը: