Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց Ստրասբուրգում ԵԽԽՎ նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանի մասնակցության վերաբերյալ` պաշտպանի միջնորդությունը։
Պատգամավորների մի մասը նիստին պետք է մասնակցի առցանց, սակայն մի քանի ներկայացուցիչ Ստրասբուրգ կմեկնեն։ Պարտադիր ներկաների թվում, ըստ Գևորգյանի, պետք է ընդդիմության ներկայացուցիչներ լինեն։ «ԵԽԽՎ–ի այս նստաշրջանում Հայաստանի մասին զեկույց կա, որին ընդդիմության ներկայացուցչի ներկայությունը պարտադիր է», - նշեց Գևորգյանը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ պաշտպանող կողմը չի ապացուցել, որ Գևորգյանը չի կարող մասնակցել նիստին առցանց։ Բացի այդ, նույն ժամանակահատվածում` հունվարի 23-29–ը, նրա գործով դատական նիստ կա նշանակված՝ հունվարի 25-ին։
«Դա հաշվի առնելով դատարանը կարծում է, որ Գևորգյանը չի հիմնավորել իր բացակայության հարգելի լինելը։ Ներկայացրած փաստաթղթերը վկայում են, որ միջոցառմանը հնարավոր է նաև առցանց մասնակցել», - նշել է Դանիբեկյանը` մերժելով պաշտպանության կողմի միջնորդությունը։
Ավելի վաղ Արմեն Գևորգյանի փաստաբանը Հայաստանից պատգամավորի մեկնումը թույլ տալու և ԵԽԽՎ նիստին մասնակցելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դանիբեկյանը հետաձգել էր միջնորդության ուսումնասիրությունը մինչև կոնկրետ ժամկետների հստակեցումը։
Նշենք, որ երեքշաբաթյա դադարից հետո այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել «Սիլվայի գործով» դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պետք է մասնակցեր Վերաքննիչ քրեական դատարանի նիստին, որտեղ քննարկվելու էր իր պաշտպանյալների ազատության հարցը։ Բացի այդ, պաշտպանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ բացակայելու է ՀՀ-ից։