13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Այդ մասին հայտնեցին ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից՝ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան:
«ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունը չի կարող մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հրապարակային հայտարարությունները: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունը և երախտագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, նրա համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի աշխատանքին», - պատասխանել են ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Արցախի հարցով զբաղվելու փորձերը: Ալիևը մասնավորապես ասել էր. «Նրանք [համանախագահները] չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծված է: Մենք ենք լուծել այս խնդիրը նրանց փոխարեն»: Ադրբեջանի նախագահը նաև պնդել էր, թե եթե հակամարտող կողմերից մեկը ասում է, թե հիմնախնդիրը լուծված է, ապա «միջնորդության տեղ այլևս չկա»:
Այդուհանդերձ, չնայած Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, ԱՄՆ) և Մինսկի խմբի համանախագահները թե՛ առանձին, և թե՛ համատեղ բազմաթիվ հայտարարություններով շեշտել են Արցախյան հակամարտության համապարփակ և տևական կարգավորման անհրաժեշտությունը՝ կողմերին կոչ անելով վերսկսել խաղաղ բանակցությունները համանախագահների հովանու ներքո: