կարևոր
1276 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 13:51

Թուրքիան շատ բաց հայտարարել է նախապայմանների մասին. իշխանությունն ուղղակի ստում է. Աբրահամյան

Թուրքիան շատ բաց հայտարարել է նախապայմանների մասին. իշխանությունն ուղղակի ստում է. Աբրահամյան

Իշխանությունն ուղղակի ստում է։ Այսօր Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցությունների ոչ հրապարակային գործընթացին։

«Թուրքիան շատ բաց, Էրդողանի մակարդակով սկսած հայտարարել է նախապայմանների մասին, որոնք դրված են բանակցությունների սեղանին: Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` Էրդողանը, որը դեռ այս գործընթացի մեկնարկում ներկայացնում էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետից միջնորդություն է ստացել գործընթաց սկսելու։ Այսինքն` պատրաստակամություն»,– ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե ոչինչ չի թաքցնում, բայց այն մասին, որ ՀՀ վարչապետը դիմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցով, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին խոսեց Թուրքիայի նախագահը։ 

«Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով նաև տեղ հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են: Այս իրավիճակում հանրությանը  հավաստիացնել, թե իրականության մեջ կողմերը գտնվում են հավասար դիրքերում, գործընթացը տեղի է ունենում առանց նախապայմանների, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:

Հայաստանի իշխանությունները, Աբրահամյանի բնորոշմամբ, առաջին պլան են բերում մի երկու կոպեկ ավելի ունենալու, օրվա հացի խնդիր լուծելու, ավելի լավ ապրելու հարցը` թքած ունենալով անվտանգության ապահովման հարցի վրա, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կյանքը փոխվել է։

«Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի կարճ ժամանակ բարեհաճ լինի ու թույլ տա Հայաստանին ցույց տալ, որ կյանքը փոխվել է, իրականում դա շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ իր քաղաքական, ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից արտահայտվում են պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կա՛մ գոյություն չունի, կա՛մ մի մասը Արցախի հետ միասին գտնվում է ադրբեջանա–թուրքական վերահսկողության ներքո»,– ասաց Աբրահամյանը։

Աբրահամյանի խոսքով, այս իշխանության 3-4 տարիների ողջ քաղաքական կյանքը ցույց է տվել, որ իրականության մեջ ճշմարտությունը, անկեղծությունը բացակայում է, իշխանությունն ասում է  մեկ բան, իրականացնում լրիվ այլ բան և ակնկալել, որ այս պայմաններում իշխանությունը կարող է այս դեպքում ճշմարտությունը մատուցել, որևէ ձևի տրամաբանական չէ: 

«Այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են, կա  իրավիճակից պլստալու հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն, և դրանք, ցավալիորեն, այսօր առաջին պլանում են, երկրորդում են այն կարևորագույն հարցերը, որոնք  վերջին 3 տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ»,- ամփոփեց Տիգրան Աբրահամյանը: