կարևոր
868 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 13:40

Ի՞նչ կարմիր գծերով է Ռուբեն Ռուբինյանը բանակցում Թուրքիայի հետ. Գեղամ Մանուկյանի հստակ հարցադրումները

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հստակ հարցադրումները հայ-թուրքական բանակցություններում Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ներկայացուցիչ նշանակելու գործընթացի վերաբերյալ. 

«Տպավորություն կա, որ ԱԺ փոխնախագահ Ռուբինյանին զրկում են անձեռմխելիության ևս մեկ շերտից. հանկարծ չքննադատեք Ռուբինյանին, որովհետև ինքը բանագնացն է, չքննադատեք՝ ինչպես է նշանակվել, չքննադատեք՝ ի՞նչ օրակարգով է բանակցություններ վարում, չքննադատեք՝ ի՞նչ իրավական կարգավորումներով է նշանակվել:

Տեսեք, Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին օրերի գործունեությունը: Հիմա քննադատելո՞վ է, որ Ռուբինյանն անպաշտպան է դառնում, թե՞ այն հանգամանքով, որ մինչ հանդիպումը, Քըլըչը հանդիպում է իր երկրի Պաշտպանության նախարար Հուլուս Աքարի հետ և Պաշտպանության նախարարի հետ հանդիպման փաստով է ներկայանում Հայաստանի ներկայացուցչի հետ բանակցություններին: 

Ի վերջո, ինչո՞ւ է քննադատվում Ռուբեն Ռուբինյանը:

Անձնապես չէ, որ քննադատվում է, թեև անձնապես կարելի էր քննադատել երեկվա ամբողջ օրվա դրվագով, ու ասել՝ պարոն Ռուբինյա՛ն, այսպիսի թույլ նյարդային համակարգով ինչպես կարելի է նման դժվարին բանակցական պրոցեսում Հայաստանը ներկայացնել:

Բայց քննադատվում են այն բոլոր գործողությունները, որոնց արդյունքում հիմա Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի հետ բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը.

  • Ի՞նչ կարգավիճակ ունի Ռուբեն Ռուբինյանը: Մինչև հիմա չկա հստակ որևէ կարգավիճակ, բացառությամբ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի մամուլին շաբաթ ուշ երեկոյան տված մի հայտարարությունից:
  •  Իրավական որևէ կարգավորում՝ հրամանագիր, որոշում կա՞: Չկա:
  • Ի՞նչ լիազորություններով է Ռուբեն Ռուբինյանը ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայ հետ բանակցություններում: Կա՞ լիազորությունների շրջանակ:
  • Ռուբեն Ռուբինյանն ունի՞ արդյոք իրավասություն Քըլըչի հետ հաջորդ հանդիպմանը բարձրացված որևէ հարցին ասել՝ այո կամ ոչ: 
  • Աշխատանքային կանոնակարգ մշակվե՞լ է արդյոք, որով Ռուբինյանը ներկայանում է այդ բանակցություններին:
  • Կա՞ արդյոք Ռուբինյանի հետ այդ բանակցություններում աշխատանքային խումբ, որը կարողանա նրան աջակցություն ցուցաբերել այդ դժվարին բանակցություններում: Հստակ չէ ոչ մի բան:

Ռուբեն Ռուբինյանը քննադատվում է ոչ թե Ազգային Ժողովի բույջեի հաշվին գնալու, այլ՝ որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի գործուղումը ձևակերպվում է ԱԺ նախագահի կարգադրությամբ, արդյունքում ստացվում է, որ Թուրքիայի հետ բանակցում է ՀՀ Խորհրդարանը: Ո՛չ Կառավարությունը, ո՛չ Արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ նախագահը որևէ իրավական գործընթաց չեն արել:

Եվ վերջապես.

  • Ի՞նչ ճամպրուկով է, որ Ռուբեն Ռուբինյանը գնացել է այդ բանակցություններին:
  • Կա՞ն արդյոք հստակ կարմիր գծեր, սահմանափակումներ, որի շրջանակներում է Ռուբինյանը ներկայանում այդ բանակցություններին:

Մինչև հիմա չեն եղել հստակ այդ ձևակերպումները: 

Այժմ փաստաթուղթ, որ դեռ 2021 թվականի օգոստոսին պատգամավոր Աղվան Վարդանյանը ներկայացրեց. ՍԴ 2010թ.-ի հունվարի 12-ի որոշման մասին է խոսքը, որում հստակ նշված են Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ ՀՀ կարմիր գծերը.

Չեն կարող արձանագրությունները մեկնաբանվել ու կիրառվել այնպես, որ կհակասեն ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին, չէին կարող մեկնաբնվել այնպես, որ կհակասեն Հայաստանի Անկախության Հռչակագրի 11-րդ կետի պահանջներին՝ ՀՀ-ն սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում իրականացված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: 

Այս դրույթների հիման վրա Աղվան Վարդանյանը հարցրեց Կառավարությանը՝ այս կարմիր գծերը հիմա էլ մնո՞ւմ են Կառավարության համար կարմիր գծեր: Ասացին՝ գրավոր տուր հարցդ:

Կառավարությունից եկած պատասխանը փաստում է, որ ՀՀ Անկախության Հռչակագրի 11-րդ կետի պահանջը Կառավարության համար կամիր գիծ չէ: 

Դրա համար ենք ասում՝ ի՞նչ ճամպրուկով, ի՞նչ օրակարգով, ի՞նչ կարմիր գծերով է, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է Ռուբեն Ռուբինյանը: 

Երբ ասում են նախապայմաններ չկան, պետք է նայել թշնամու բանագնացի գործողությունները. պատահական չէ թուրք Պաշտպանության նախարարի հետ հանդիպումը, պատահական չեն այն բոլոր շեշտադրումները, որ Հայաստանի հետ բանակցություններին Թուրքիան պատրաստվում է և քննարկում է Ադրբեջանի հետ սինխրոնիզացված: Սա առաջին նախապայմանն էր, որ 30 տարի թուրքերը դնում էին Հայաստանի առաջ»: 

Եվ վերջում թուրքական ազդեցության գործակալների թեմայի մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորը խորհուրդ տվեց հիշել, թե որ կառույցներն են դատապարտել ՀՀ ԳՇ հայտնի հայտարարությունը և փաստեց, որ դա արել են միայն ՀՀ կառավարությունը և Թուրքիայի ԱԳՆ-ն: