կարևոր
2761 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-18 12:30

Արամ Վարդևանյանը քպ-ական պատգամավորին հորդորեց կոչով դիմել իշխող ուժի ղեկավարին

Արամ Վարդևանյանը քպ-ական պատգամավորին հորդորեց կոչով դիմել իշխող ուժի ղեկավարին

Խորհրդարանում այսօր շարունակում էին քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՔՊ-ական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծերը: 

«Այս նախագիծն այն մասին է, որ կարող են լինել քրեական գործեր, հետապնդումներ ցանկացած անձի նկատմամբ, որն անմեղ է, որովհետև չկա հակառակի մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռ»,-Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած նախագծի վերաբերյալ ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը բացատրեց, որ նախագծով դատավորներին իրավունք է տրվում որոշում կայացնել, որ մեղադրյալը չի կարող նիստերում ելույթ ունենալ, իր գործերի նյութերին ծանոթանալ կամ նոր փաստաբան ներգրավել: Վարդևանյանի պնդմամբ՝ նախագծի ձևակերպումներով նման սահմանափակումներ կարող են լինել ամբողջ քրեական հետապնդման ընթացքում:

Վարդևանյանն ընդգծեց. «Սա իսկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ առնչություն չունեցող նախագիծ է և ի տարբերություն Սոմալիի և Կոնգոյի՝ Հայաստանում ժողովրդավարական սկզբունք կա և նման մոտեցումն անթուլատրելի է»:

Նախալգծի համահեղինակ ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չհամաձայնեց Վարդևանյանի փաստարկների հետ և իր հորդորեց չքաղաքականացնել և չվարկաբեկել դատական համակարգը՝ դատավորներին որակումներ տալով:

Ի պատասխան՝ Արամ Վարդևանյանը հիշեցրեց իշխող խմբակցության ղեկավարի արտահայտությունները դատարանների և դատավորների վերաբերյալ և հույս հայտնեց, որ պատգամավորը նման հորդորով կդիմի նաև իրենց ղեկավարին.

«Ես սպասում եմ, որ վաղը պարոն Վլադիմիր Վարդանյանն իր ելույթի հնարավորությունից կօգտվի և ՀՀ պատմության  մեջ դատավորների վերաբերյալ ամենախայտառակ, ամենամիջամտող, ամենանվաստացնող գնահատականներ տված պետական պաշտոնյային հորդորելու է, որ նման բան երբեք չկրկնվի և ՀՀ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը դատավորների մասին չխոսի «վնգստացող դատավորներ» ձևակերպմամբ»,-իր ելույթում Վարդանյանին արձագանքեց Արամ Վարդևանյանը և հույս հայտնեց, որ նման հայտարարություն կհնչի՝ ենթադրելով, որ Վլադիմիր Վարդանյանի կոչը ոչ միայն ընդդիմությանն էր վերաբերում, այլ նաև իշխանության ներկայացուցիչներին:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է Վճռաբեկ դատարանում Քաղաքացիական և վարչական պալատի փոխարեն ստեղծել երկու առանձին պալատներ:

Նախագիծն ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 30 ձեռնպահ ձայներով: