կարևոր
1888 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-18 11:26

Իշխող խմբակցության կողմ ձայներով ընդունվեց անկանխիկ գործարքների մասին աղմկահարույց օրինագծերի փաթեթը

Իշխող խմբակցության կողմ ձայներով ընդունվեց անկանխիկ գործարքների մասին աղմկահարույց օրինագծերի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովը 66 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծերի փաթեթը։

Կենտրոնական բանկի առաջարկած փոփոխություններին կողմ քվեարկեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։

«Հայաստան» խմբակցության 28 անդամը միաձայն դեմ քվեարկեց, «Պատիվ ունեմ» խմբակցության 5 անդամը` միաձայն ձեռնպահ։

Երեկ օրինագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավորները մի քանի հիմնավորումներով նշեցին, որ միտում են տեսնում բանկային համակարգին ֆինանսական գործողությունների ոլորտում մենաշնորհ տրամադրելու։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ սա իրականում կոնկրետ միջամտություն է անձի սեփականության իրավունքին։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ փաստարկեց, որ լավ բանը պետք է լինի մարդուն տրված հնարավորություն՝ իրավունք, ոչ թե՝ պարտադրանք: Պարտադրանքի հետևանքով տուժողը լինելու է հասարակությունը, շահողը՝  լինելու են բանկերը։  Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև ֆինանսական այլ կազմակերպությունների` լոմբարդների, վարկային կազմակերպությունների վերաբերյալ` նշելով, որ տվյալ օրենքի պատճառով դրանք դուրս կմղվեն մրցակցային դաշտից։

Հիշեցնենք` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում ԿԲ-ի առաջարկած փոփոխություններով առաջարկվում է 2024թ-ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

Ընդ որում, անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումնրը վերահսկելու է ՊԵԿ-ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։