կարևոր
1864 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-18 09:57

Դավիթ Տոնոյանի գործով առաջին նիստը վաղն է. փաստաբանական թիմի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանի գործով առաջին նիստը վաղն է. փաստաբանական թիմի հայտարարությունը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»։

ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել է, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է դատարան հունվարի 7-ին: Մեղադրյալների մեջ է նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Իսկ հունվարի 3-ին, Տոնոյանը պատասխանել էր լրագրողների հարցումներին՝ նշելով. «Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ եւ պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը: Բայց միայն իմ արածի եւ ոչ թե չարածի համար»: Տոնոյանը նաև նոր բացահայտումներ էր խոստացել:

Հիշեցնենք, որ 2021թ.-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զինամթերքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։

Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ Տոնոյանը կալանավորվել էր 2 ամսով: