Ազգային ժողովը շարունակում է երեկ մեկնարկած ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը: Նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:
Երեկվա նիստին իշխող ՔՊ խմբակցությունը մերժեց ԱԺ հերթական քառօրյայի օրակարգ մտցնել «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց նաև «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված սահմանազատման և սահմանագծման մասին հայտարարության ներառմանը լիագումար նիստին:
Երեկ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» եւ դրանց կից ներկայացված օրինագծերի փաթեթները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած ««Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ինչպես նաև՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Խորհրդարանն այսօր շարունակում է օրակարգային հարցերի քննարկումը։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական պատվիրակության հետ հունվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ: Ալեն Սիմոնյանի բացակայության ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի նրա տեղակալ Հակոբ Արշակյանը։