կարևոր
1291 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 23:12

Հայ գիտնականները նամակ են հղել ռուս պաշտոնյաներին՝ ի պաշտպանություն Արմեն Դարբինյանի

Հայ գիտնականները նամակ են հղել ռուս պաշտոնյաներին՝ ի պաշտպանություն Արմեն Դարբինյանի

Ի պաշտպանություն Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ հայ մի շարք գիտնականներ բաց նամակ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Միխայիլ Միշուստինին, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ռուսաստանի Գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։ Նամակում մասնավորապես ասված է․

«Մենք ստիպված ենք եղել Ձեզ դիմել, մեր կարծիքով, այն անարդար իրավիճակի պատճառով, որը ձեւավորվել է Երեւանի Հայ-ռուսական համալսարանի եւ նրա ռեկտոր՝ պրոֆեսոր Արմեն Ռազմիկի Դարբինյանի շուրջ։

Համալսարանը, ռեկտոր Դարբինյանի ղեկավարության ներքո, համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում վերածվել է Հայաստանում գիտության, մշակույթի եւ կրթության եզակի օջախի, հասել է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս գիտական եւ ակադեմիական լայն շրջանակներում վաստակած ճանաչման, եւ երկրում եւ տարածաշրջանումում կրթության անվիճելի առաջատարն է։

Արմեն Դարբինյանը հայտնի եւ հարգված անձ է Հայաստանում, փայլուն մտավորական, սկզբունքային քաղաքական գործիչ, լուրջ գիտնական, ականավոր կազմակերպիչ, վառ, եզակի, բարի եւ առատաձեռն մարդ։ Տղամարդկային պատիվն ու արժանապատվությունը գնահատող մարդ։ Նա վաստակած հեղինակություն է վայելում երիտասարդ սերնդի, բազմահազար ուսանողների եւ Ռուս-Հայկական համալսարանի շրջանավարտների մոտ, նրա անվան հետ են կապված երկրում ռուսական կրթության ոլորտում արձանագրված հաջողությունները։ Մեզ հատկապես տարօրինակ են թվում ռուս որոշ պաշտոնյաների գործողությունները, որոնք կասկածի տակ են դրել ռեկտորի բարի անունն ու համալսարանի համբավը։

Հստակ է, որ դա չի բխում ո՛չ ռուսական, ո՛չ հայկական եւ ոչ էլ՝ արդարության ու ճշմարտության շահերից։ Մենք մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում ռեկտորի դիրքորոշումներին եւ նրա քսանամյա գործունեությանը։

Վստահ ենք, որ մեր այս գնահատականին կմիանան նաեւ հազարավոր մտածող եւ պատասխանատու հայորդիներ, որոնք մտահոգ են երկրի լավագույն համալսարանի ճակատագրի համար, որպիսին արդարացիորեն դարձել է համալսարանը՝ Արմեն Դարբինյանի ղեկավարությամբ։ Մենք հասկանում ենք նաեւ, որ հնարավոր է, որ հիմնվելով խեղաթյուրված տեղեկատվության վրա՝ համալսարանի ռուս հիմնադիրների մոտ կարող են առաջանալ կասկածներ ու հարցեր, սակայն մենք պնդում ենք, որ հակասությունները լուծվեն քաղաքակիրթ եղանակով, լինելով վստահ, որ ցանկացած այլ եղանակ վնաս է հասցնում Հայաստանի, Ռուսաստանի շահերին եւ հայ-ռուսական փոխգործակցությանը։ Մենք վստահ ենք, որ համալսարանի համար լավագույն ապագան ռեկտոր Դարբինյանի ստեղծարար գործունեության շարունակումն է»։ 

Նամակը ստորագրել են՝

ֆիզմաթ գիտությունների դեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը,

կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Եպիսկոպոսյանը,

քիմիական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղակից անդամ Գեւորգ Դանագուլյանը,

ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Հայկ Ղազարյանը, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը,

իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վոլոդյա Հովհաննիսյանը,

քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Եգանյանը,

տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր,

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վազգեն Մելիքյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր,

Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Վահան Ավետիսյանը,

տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։