կարևոր
997 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 19:06

Թուրքիայի կառավարությունում քննարկելու են Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Թուրքիայի կառավարությունում քննարկելու են Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը

Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգային հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է erminihaber.am-ը՝ հղում անելով «CNN»-ի թուրքական լրատվականին:

Մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները:

Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:

Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 20-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,- հանդիպման արդյունքների մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: