կարևոր
1204 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 17:36

Անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ-ը. ընդդիմադիր պատգամավորները դեմ են նախագծին

Անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ-ը. ընդդիմադիր պատգամավորները դեմ են նախագծին

Անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ու հարակից օրենքների փոփոխությունների նախագծի վերաբերյալ քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ անկանխիկ վճարումներն իհարկե լավ բան են, բայց այդ լավ բանը պետք է լինի մարդուն տրված հնարավորություն՝ իրավունք, ոչ թե՝ պարտադրանք: Պարտադրանքի հետևանքով տուժողը լինելու է հասարակությունը, շահողը՝  լինելու են բանկերը։  Պատգամավորը մտահոգություն հայտնեց նաև ֆինանսական այլ կազմակերպությունների` լոմբարդների, վարկային կազմակերպությունների վերաբերյալ` նշելով, որ տվյալ օրենքի պատճառով դրանք դուրս կմղվեն մրցակցային դաշտից։

«Սրա հետևանքով պատկերացնո՞ւմ եք` ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններին ինչ հարված է գալու, ֆինանսական այն կազմակերպություններին, որ սպասարկում են մեր հասարակության մի խավի, որոնք բանկերից օգտվելու հնարավորություն չունեն։ Այսօր մարդը մի ձեռքով բերում, ոսկին դնում է, մյուս ձեռքով գումարը վերցնում, գնում է։ Հիմա դուք ասում եք` չէ: Վարկային կազմակերպությունը թող մի հատ հաստատի, տա բանկին, բանկը նստացնի նրա հաշվի վրա։ Պարզ է չէ՞, որ մի քանի օր հետո բանկերը կսկսեն վարկային կազմակերպություններից փող տանել»,– ասաց Խաչատրյանը։

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ իր ելույթում առաջարկեց թողնել, որ անկանխիկ փոխանցումների սովորույթը արմատավորվի բնական ճանապարհով։

Պատկերավոր լինելու համար Մինասյանը բերեց գյուղմթերքի մեծածախ առևտրի օրինակը` նշելով, որ այս օրենքը դաշտում իր բերքը տեղում իրացնող գյուղացուն ստիպում է նախ գնալ բանկ, հաշիվ բացել, մեծածախ գնորդին ասել` գումար փոխանցիր այս հաշվեհամարին, հետո էլ գնա հասնի շրջկենտրոն կամ քաղաք, որ կարողանա կանխիկացնել իր գումարը։

Ընդդիմադիր գործընկերների ելույթներին արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանը` հայտարարելով, որ այդ ամենն արվում է առաջին հերթին ստվերի դեմ պայքարելու նպատակով։ 

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը եզրափակիչ ելույթում վստահեցրեց, որ ըստ համաշխարհային վերլուծությունների` բանկում հաշիվ ունենալը լուծում է աղքատության խնդիրը։ Նրա դիտարկմամբ` եթե մարդն ունի բանկային հաշիվ, խնայողություն ու կարողանում է այդ հաշվից օգտվել, կարող է խուսափել աղքատացումից ու վարկային ծանր բեռի տակ հայտնվելուց։

Նշենք, որ ԿԲ-ն առաջարկում է փոփոխություններ անել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ու կից օրենքներում և 2024թ–ի հունվարի 1-ից 300 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։

Ընդ որում` անգամ ֆիզիկական անձանց միջև փոխանցումները վերահսկելու է ՊԵԿ–ը։ Խախտում արձանագրելու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցվելու են վարչական վարույթներ։

Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանցումներին, ԿԲ–ն խոստանում է մինչև 2024թ–ը նվազեցնել իրավաբանական անձանց բանկային միջնորդավճարները, որպեսզի տնտեսվարողները անկանխիկ գործառնությունների արդյունքում ևս չտուժեն։

Հիշեցնենք, որ օրենքի նախագիծն ԱԺ-ն 2020թ–ին առաջին ընթերցմամբ ընդունել էր։ Դրանով նախատեսվում էր օրենքը կիրարկել 2022թ–ի հունվարի 1-ից։ Բայց մինչև երկրորդ ընթերցմամբ քննարկումը ԿԲ–ն արդեն որոշել է փոփոխել կիրարկման ժամկետը։