«Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն Արա Թադևոսյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավորի հայտարարությանը.
«Այսօր, հակադարձելով Գեղամ Մանուկյանին, որը իրավացիորեն նշել էր, որ 2005 թվականի ապրիլի 26-ին Մեդիամաքսը հրապարակել էր Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Էրդողանին, պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասել է (մեջբերումն ըստ Aravot.am-ի). «2005թ․ ՀՀ բնակչության քանի՞ տոկոսն էր տեղյակ, որ գոյություն ունի «Մեդիամաքս» գործակալություն։ Բացի այդ, դա իմ մեջ չի տպավորվել, որովհետեւ ՀՅԴ-ն այդ նամակին ի պատասխան ԱԺ-ում աղմուկ չի բարձրացրել։ Կամայական որեւէ հեռուստաընկերությամբ հայտարարվե՞լ է այդ մասին»։
Անկեղծ ասած, 2005-ին մենք հարցումներ չենք պատվիրել, բայց կարծում եմ, որ այն ժամանակ Մեդիամաքսի գոյության մասին հաստատ ավելի շատ մարդ էր տեղյակ, քան 12-ամյա Վահագն Ալեքսանյանի: 2005-ին բոլոր առաջատար հեռուստաընկերությունները Մեդիամաքսի բաժանորդ էին, ուստի եթե ապագա պատգամավորի «մեջ» ինչ-որ բան չի տպավորվել, պատճառը կարող է լինել այն, որ ինքն այն ժամանակ դիտում էր ոչ թե լուրեր, այլ իր տարիքին ավելի համապատասխան հաղորդումներ»,- գրել է Մեդիամաքս գործակալության տնօերն Արա Թադրոսյանը:
Նշենք, որ այսօր ԱԺ նիստի մեկնարկին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված այսօր ընթացող գործընթացներին, իր ելույթում նշեց, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտնի, հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում: Սրան ի պատասխան՝ իշխանական պատգամավորներն իրենց ելույթներում սկսեցին բարձրաձայնել, թե նախկինների օրոք ևս Թուրքիայի հետ հարաբերություններ են եղել, բայց դրանք եղել են թաքուն:
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն, օրինակ հայտարարեց, թե հանրությունը «Վիքիլիքսից» է իմացել, որ Ռոբերտ Քոչարյանը 2005թ․-ին նամակ է հղել Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանին։
«Պարոն Ալեքսանյանին խորհուրդ եմ տալիս զանգել «Մեդիամաքս» լրատվական գործակալության տնօրեն պարոն Թադեւոսյանին ու հարցնել՝ «Վիքիլիքսի՞ց» է արտատպել Ռոբերտ Քոչարյանի կտրուկ պատասխանն Էրդողանին»,- առաջարկեց Գեղամ Մանուկյանը։
«Նա կասի՝ ոչ: 2005թ․-ին նախագահի աշխատակազմը բացառության կարգով «Մեդիամաքսին» է տրամադրել այդ նամակը։ Ես կարող եմ ուղարկել նաեւ «Ալիք» օրաթերթը, որը հրապարակել է այդ նույն նամակը։ Այդ ամենը գաղտնի չի եղել, ուղղակի կարելի է մի քիչ սովորել։ Կամ, տարիքովներին հարցրեք, կհիշեն։ Օրինակ՝ Հովիկ Աղազարյանին հարցրեք»,-հավելեց Գեղամ Մանուկյանը: