կարևոր
1783 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-17 14:20

Բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն, այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա. Աննա Գրիգորյան

Բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն, այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա. Աննա Գրիգորյան

Անկեղծ չէի ցանկանա անդրադառնալ այն մարդկանց մտքերին, որոնց մտահորիզոնը սկսվում և ավարտվում է դեղին ժիգուլիով, ինչպես նաև իրենց բարեհամբույր ինքնահռչակած անձանց հոխորտանքներով։ Վերջինիս պինդ և ամուր նյարդեր եմ մաղթում, որովհետև, ցավոք, մեր երկրի համար այսքան դժվար փուլում նա է ՀՀ ներկայացուցիչը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասով։ Այս մասին ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Բայց հայ-թուրքական հարաբերությունների մասով կան կետեր, որոնց պարտավոր են այս իշխանությունները պատասխանել և սուբստանտիվ առումով ներկայացնել պարզաբանումներ, թե առհասարակ ՀՀ կառավարությունը բանակցությունների գնալիս ի՞նչ պատկերացումներ ունի, ի՞նչ տեսլական ունի, արդյոք հաշվարկե՞լ է ռիսկերը և հնարավոր կառավարման ի՞նչ մեխանիզմներ է մտածել։ Պետք է պատասխանեք մի քանի հարցերի, երբ ասում եք՝ առանց նախապայմանների ենք բանակցում, բանակցություններից մեկ կամ երկու օր առաջ թուրքական կողմն ասում է, որ շատ կարևոր է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, արդյոք այս հանդիպման ընթացքում Թուրքիայի ներկայացուցչի հետ խոսե՞լ եք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Արդյոք քննարկվե՞լ է ցեղասպանության հարցը, և արդյոք սա որպես հիմք է դրվե՞լ հետագա բանակցությունների ավելի կառուցողական լինելու համար, քննարկվե՞լ է տարածշրջանում ճանապարհների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցերը։ Սրանք հարցեր են, որոնք դուք պարտավոր եք պատասխանել, և բուն պատասխաններ հնչեցենլու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։