կարևոր
1114 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 13:05

Բազմազավակ ընտանիքների մասին մայր օրենքի մերժմամբ իշխանությունը հրաժարվում է իր իսկ նախընտրական ծրագրից

Բազմազավակ ընտանիքների մասին մայր օրենքի մերժմամբ իշխանությունը հրաժարվում է իր իսկ նախընտրական ծրագրից

«Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված  «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծը չընդունվեց ԱԺ հերթական քառօրյայի օրակարգ։ Իշխող ՔՊ-ական պատգամավորները դեմ քվեարկեցին։ «Խնդիրը տեխնիկականի մեջ չէ, ավելի բովանդակային է»,- իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Այնուհետև նա դիմեց իշխող ուժին՝ արդյոք ուզո՞ւմ են բազմազավակ ընտանիքներին աջակցել, թե ոչ, քանի որ 2018 թվականից մինչև հիմա որևէ փաթեթ չեն բերել ու չեն քննարկել, իսկ ամեն ընտրությունից առաջ տեղ էր գտնում այդ ուժի ծրագրում։

«Ինչո՞ւ չեք բերում լավ փաթեթ, չեք քննարկում։ Բերել ենք նախագիծ, որն ունի միջազգային դրական փորձի ուսումնասիրության հիմք, այս նախագիծը քննարկվել է բազմազավակ ընտանիքների  շահերը պաշտպանող բազմաթիվ ՀԿ-ների հետ։ Լրամշակված նախագիծ է, առաջարկվում է  կայուն աջակցություն բազմազավակ ընտանիքների։ Հիմա ի՞նչն էր հարցը, որ չքննարկեցինք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Միանսյանը էլ իր ելույթում նշեց, որ այս քայլով իշխանությունը մերժեց իր իսկ կողմից հայտարարված սկզբունքները.

«Այնպիսի կարևորագույն հարցեր, ինչպիսիք ներկա արտաքին քաղաքական մարտահրավերներն են, ինչպես նաև սահմանադրական պահանջին համահունչ սոցիալական, ժողովորդրագրական քաղաքականություն  վարելը՝ ի դեմս բազմազավակ ընտանիքների մասին մայր օրենքի, և այն օրակարգ ընդգրկել մերժելը վկայություն է այն բանի, որ դուք նաև, փաստորեն, հայտարարությունների մակարդակում, ինչպես, օրինակ, ձեր նախընտրական ծրագիրն է կամ կառավարության ծրագիրը, հայտարարում եք դրա մասին, բայց հետո, եթե ընդդիմությունն է ներկայացնում մերժում եք ձեր իսկ կարևորած հարցերը՝ գոնե հայտարարությունների մակարդակում»,- ասաց Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ն չունի խորհրդարան, որն ի վիճակի է բաց երկխոսության կամ հանրային քննարկումների։