Հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին:
«Այստեղ ե՛ւ Ռուբեն Ռուբինյանը, ե՛ւ Հակոբ Արշակյանն ասացին՝ դե Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք: Ո՛չ, դեկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրարանի լիագումար նիստում Չավուշօղլուն ասել է՝ մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով: Իրար հետ համաձայնեցված են եղել: Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի եղավ, որ Ռուբեն Ռուբինյանն է, բա ո՞նց եղավ, որ մի քանի ամսվա ընթացքում արդեն հստակ էր, որ Ռուբեն Ռուբինյանն է բանագնացը: Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ՝ մինչեւ հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:
Նա ընդգծեց, որ պրոտոկոլ չի պահպանվում. Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ: Հանդիպումից հետո արըգործնախարարությունը փնթի հաղորդագրություն է տարածում՝ անգելերն, ռուսերեն ու հայերեն տեքստերը տարբեր են, ընդդիմադիր գործիչներից մեկի գրառումից հետո է նախարարությունը տեքստն ուղղել։
«Դրա համար, պարոն Ռուբինյան կա պրոտոկոլ. մարդիկ աշխատավարձ են ստանում, թող ֆայմեին, որ դրոշը ճիշտ դնեին, ԱԳՆ հաղորդագրությունը ճիշտ հրապարակեին», - ասաց Մանուկյանը:
Ի պատասխան իշխանական թևի հայտարարություններին, թե գաղտնի ոչինչ չկա, ամեն ինչ կատարվում է հրապարակային՝ Գեղամ Մանուկյանը կրկին փաստեր ներկայացրեց.
«Անցնող երեսուն տարիներին հայ-թուրքական հարաբերություններում միշտ էլ գործընթացներ եղել են՝ բաց, փակ, տարօրինակ: Օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ հանդիպել էր թուրք ազգայնականների «Գորշ գայլերի» առաջնորդ Արփասլան Թյուրքեշի հետ: Մի կարևոր բան կար. այդ ժամանակ Թյուրքեշի հետ հանդիպման և այսօրվա իշխանությունների: Հանդիպման նախաձեռնողը Սամսոն Օզարարտն էր, պոլսահայ գործարար, հիմա բնակվում է Ֆրանսիայում: Բայց տարօրինակ է, որ Օզարարատը այս տարի հայտնվել էր Երևանում, էլի...
Ասում են միշտ էլ եղել են հարաբերությունները, այո՛, եղել են՝ բաց, փակ: Արծվիկ Մինասյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը, դա է եղել պատասխանը՝ նախապայման չպետք է լինի, պատմաբանների հանձնաժողով չպետք է լինի, արժանապատիվ հարաբերություն է: Եվ ոչ թե այն, ինչ հիմա է կատարվում: Ո՞վ է եղել միջնորդը. Ռուսաստանի արտգործնախարարությո՞ւնը, թե՞ Վրաստանի վարչապետը: Դուք տեղյա՞կ էիք, իշխանական պատգամավորներ, որ Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը ձեռք է մեկնել Թուրքիային: Չլիներ Էրդողանը, որտեղի՞ց էիք տեղյակ լինելու: Եվ նման բազմաթիվ մութ գործողություններ»,- ամփոփեց խոսքը պատգամավորը: