կարևոր
997 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 11:05

Ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշխանությանը. Օհանյան

Ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցնեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, Արցախի ինքնիշխանությանը. Օհանյան

«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջարկում է խորհրդարանում օրակարգ բերել ՀՀ սահմաններում տիրող իրավիճակի հարցը։ Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում կրկին առաջարկեց, որ ԱԺ լիագումար նիստում ընդգրկվի սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների հարցը։

Օհանյանը նախ հայտարարեց՝ ՀՀ-ում և Արցախում սահմանային իրավիճակը մտահոգիչ է։ Հարցն ընդգրկելով օրակարգ, հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել ու քննարկել սահմանում տիրող իրավիճակը։

«Այսօր քննարկման է դրվում սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրներով հարցը, որը բարձրաձայնել է «Հայաստան» խմբակցությունը: 

ՀՀ-ում և ԱՀ-ում տիրող սահմանային իրավիճակն այսօր մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Հարցը ընդգրկելով հնարավորություն է ստեղծվում ուսումնասիրել սահմանին այսօր տիրող իրավիճակը: Կարծում եմ, որ գլխադասային հանձնաժողովի տված բացասական եզրակացությունը անընդունելի է, որովհետև 44 օրյա պատերազմից կրած պարտությունից հետո պարտությունների, անհաջողությունների շարանը շարունակվում է, և դա անմիջական անդրադարձն ունի այսօր սահմաններին տիրող իրավիճակի վրա:

Լսումներ կազմակերպելով, ձգտելով այս հարցով արտահերթ նիստ անցկացնել՝ մենք հնարավորություն ունեինք նշել այն բոլոր կարմիր գծերը, որոնք անհրաժեշտ են Հայստանի Հանրապետությանը և Արցախին: Ոչ ոք չի ասում, որ չենք ձգտում խաղաղության, և մեր սահմանները մեկ օր չպետք է հարևանների հետ գծվեն: Այո՝ հարևանների, այսինքն հակամարտող կողմը նախ պետք է դառնա հարևան. առաջին նախապայմանը դա է, որպեսզի ստեղծվեն խաղաղության համապատասխան պայմաններ և այդ շրջանակներում իրականացվեն սահմանագծումն ու սահմանազատումը: 

Էլ չեմ ասում, որ հայաստանի Հանրապետության սահմաններում տիրող իրավիճակը առանց մտածելու զորքերը ետ են քաշվել:

Գտնում ենք որ ժամանակավրեպ իրականացվող այս միջոցառումները լուրջ հարված կհասցեն ՀՀ տարածքային ամբողջականությանը, լուրջ հարված կհասցնեն Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը ևնաև Արցախի հեռանկարի, Արցախի ինքնորոշման իրավունքը իր իսկ պատմական տարածքում հնարավորությունների վրա մեծ քար կնետվի

Առաջարկում եմ քվեարկել հարցը մտցնել լիագումար նիստ»,- ամփոփեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն իր հերթին նշեց, որ հայտարարության տեքստում օգտագործվում են բացասական ձևակերպումներ գործող իշխանությունների հասցեին, որոնք կարող են թուլացնել Հայաստանի բանակցային դիրքերը։ Բացի այդ, հայտարարության մեջ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցերը շաղկապված են Արցախի հարցի հետ, ինչը գործող իշխանությունը ճիշտ չի համարում։

Ի պատասխան, «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ իշխանությունները միտումնավոր տորպեդահարում են ընդդիմության կողմից քաղաքական քննարկումների ցանկացած նախաձեռնություն։

«Եթե ձեզ դուր չէին եկել իշխանության հասցեին ձևակերպումները, կարելի էր պարզապես փոփոխել հայտարարության տեքստը, բայց, այնուամենայնիվ, քննարկել այն։ Չի կարելի խուսափել կարծիքների փոխանակումից անգամ նման բարդ հարցերի շուրջ»,-հայտարարեց նա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց լիագումար նիստին հայտարարության նախագծի ներառմանը։