Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավարի որդին կալանավորվել է, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Ավել վաղ Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի որդին՝ Դավիթ Անդրեասյանը ձերբակալվել էր։ Հունվարի 15-ին նա «Վազ 2121» մեքենայով, որում գտնվել է նաև նույն գյուղի բնակիչներից մեկը, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մեքենայի առջևի մասով հարվածել ոստիկանության «Տոյոտային»։ Դրանից հետո իջել էր մեքենայից, սկսել դժգոհել հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին
Մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
ՔԿ-ից հայտնում են նաև, որ նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննությունների ընթացքում համայնքի նախկին ղեկավարի որդու կողմից վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել էին երկփողանի որսորդական հրացան, որսորդական հրացանի պատյան, որսորդական հրացանի փամփուշտներ:
Նախաքննությունը շարունակվում է: