կարևոր
1516 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-17 10:48

Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իրավական հիմքը ո՞րն է, ինչո՞ւ է նա ԱԺ կողմից մեկնել Մոսկվա

Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի անունից Թուրքիայի հետ բանակցություններ վարելու իրավական հիմքը ո՞րն է, ինչո՞ւ է նա ԱԺ կողմից մեկնել Մոսկվա

Արտաքին գործերի մամուլի քարտուղարի՝ մամուլին տրված կարճ պատասխանով է մինչ այժմ հանրությունը տեղեկացված, որ Ռուբեն Ռուբինյանն է նշանակված հատուկ ներկայացուցիչ՝ Թուրքիայի հետ բանակցություններ վարելու համար: Այսօր մեկնարկած ԱԺ նիստի սկզբին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այս մասին բարձրաձայնեց՝ հարց ուղղելով նիստը վարողին:

«Ազգային ժողովի նախագահի՝ հունվարի 13-ի կարգադրությամբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը գործուղվել է Մոսկվա: Նա Մոսկվայում հանդիպել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Քըլըչի հետ: Ռուբեն Ռուբինյանը Ազգային ժողովի կողմից է բանակցություններ վարե՞լ Քըլըչի հետ, թե ինչ այլ նպատակով է Մոսկվա մեկնել իբրև Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի կարգադրությամբ, Ազգային Ժողովի բյուջեի հաշվին»:

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նախ կարճ պատասխանեց, թե պետության կողմից բանագնաց է ներկայացված, և, ըստ այդմ, ծախսերը պետությունն է հոգացել: 

Գեղամ Մանուկյանը հակադարձեց, որ մինչ այժմ որևէ տեղ չկա հրապարակված պետության կողմից Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ բանակցություններ վարելու հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին որևէ պաշտոնական իրավական փաստաթուղթ՝ հրաման, որոշում և այլն: 

«Ազգային ժողովը լիազորե՞լ է արդյոք Ռուբինյանին Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ վարել Թուրքիաիյի հետ: ԱԺ խորհրդում քննարկվե՞լ է այդ հարցը: Արտգործնախարարի մամուլի խոսնակի՝ մամուլին տված կարճ պատասխանի հիման վրա է հանրությունը մինչ այժմ տեղյակ, որ Ռուբինյանը Հայաստանի բանակգնաց է նշանակված: Թուրքիայի դեպքում, օրինակ, Քըլըչը նշանակված է երկրի նախագահ Էրդողանի հրամանի հիման վրա»: 

Արշակյանը կրկին ընդհանուր և կարճ պատասխան տվեց, թե յուրաքանչյուր բանակցության ժամանակ գոյություն ունի պատվիրակություն, պատվիրակության ղեկավար, համապատասխան ընթացակարգ: Այս դեպքում բոլոր պրոցեդուրաները պահվել են: 

Նշենք, որ մենք ևս փորձեցինք գտնել Ռուբեն Ռուբինյանին և նրա հետ Մոսկվա մեկնող պատվիրակության մասին որևէ իրավական ակտ, բայց՝ ապարդյուն: 

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 14-ին տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։

«Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով», - ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: