ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի և հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, սահմանել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հունվարի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 25 հարց, այդ թվում նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ ՄԻՊ պաշտոնում իշխող ՔՊ խմբակցությունն առաջադրել է Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը։
Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական պատվիրակության հետ հունվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Պատվիրակության կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, խորհրդարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներ: Չնայած նախապես պատվիրակության կազմում էր ընդգրկված «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, սակայն վերջին պահին նա չեղարկել է իր մեկնումը՝ նշելով, որ պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է, որով սահմանափակվել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգտոնում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը:
Ալեն Սիմոնյանի բացակայության ժամանակ ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի նրա տեղակալ Հակոբ Արշակյանը։