կարևոր
1114 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 20:30

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից. ՖՈՏՈՇԱՐՔ

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից. ՖՈՏՈՇԱՐՔ

«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հեռացավ Ավստրալիայից։ Նրան լուսանկարել էին Մելբուռնի օդանավակայանում՝ իր մարզիչ Գորան Իվանիշևիչի ուղեկցությամբ։ Սերբ թենիսիստը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնության եւ պաշտպանել անցած տարի նվաճած տիտղոսը։ Նա այս մրցաշարի 9-ակի հաղթող է։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական հայտարարությամբ արձագանքել է Ջոկովիչին Ավստրալիայից վտարելու որոշմանը։

«Հանրային առողջապահության հարցերի վերաբերյալ իշխանությունների որոշումները պետք է կատարվեն։ Ավելի շատ ժամանակ կպահանջվի բոլոր փաստերը վերլուծելու եւ դասեր քաղելու համար։ Անկախ տեղի ունեցածից, Նովակը մեր մարզաձեւի մեծագույն չեմպիոններից մեկն է, եւ նրա բացակայությունը Ավստրալիայի բաց առաջնությունում կորուստ է թենիսի համար։ Ջոկովիչին մաղթում ենք լավագույնը եւ անհամբեր սպասում նրա վերադարձին կորտ»,- նշվում է ATP-ի հայտարարությունում։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրալիայի դաշնային դատարանը չի բավարարել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի բողոքարկումը՝ նրա վիզան չեղյալ հայտարարելու մասին որոշման դեմ: 

Նշվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է, քանի որ իշխանությանը չի համոզել մարզիկին կորոնավիրուսի դեմ պատվաստումից ազատելու պատճառը։ Պատվաստումը պարտադիր է Մեծ սաղավարտի առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության բոլոր մասնակիցների համար:

Հունվարի 5-ին Ջոկովիչը ժամանել էր Մելբուրն՝ մասնակցելու Ավստրալիայի բաց առաջնությանը, որը մեկնարկում է հունվարի 17-ին։ Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը թենիսիստին կալանավորել էր օդանավակայանում և հարցաքննությունից հետո հունվարի 6-ի գիշերը չեղարկել էր վիզան։

Ջոկովիչը փորձել էր մուտք գործել Ավստրալիա չպատվաստված՝ կորոնավիրուսի պատվաստումից բժշկական բացառությամբ։ Սահմանապահ ծառայությունը տրամադրված տվյալները անբավարար էր համարել։ Թենիսիստին դեռ այն ժամանակ պետք է արտաքսեին, սակայն հունվարի 10-ին դատարանը բեկանել էր այս որոշումը։