կարևոր
1060 դիտում, 4 ամիս առաջ - 2022-01-16 19:39

Ամփոփվել է «Վերելք Սյունիք» ծրագիրը. ՀՅԴ-ն Սյունիքում փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագիր է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամփոփվել է «Վերելք Սյունիք» ծրագիրը. ՀՅԴ-ն Սյունիքում փոքր ձեռնարկությունների ստեղծման ծրագիր է իրականացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդականի ընկերներն այս օրերին Սյունիքում են։ Նրանք հանդիպել են ՀՅԴ ՀԵՄ Սյունիքի խմբի հետ և քննարկել միության գործունեությունը:

Այցելել են ընկեր Քրիստափոր Արթինի հուշաքար և ներկա գտնվել երդման արարողությանը։ Շնորհավորել քառասունչորսօրյա պատերազմի նահատակ ընկերոջ ծնունդը՝ ևս մեկ անգամ խոստանալով շարունակել նրա գործը։

Ամփոփվել են «Վերելք Սյունիք» ծրագրի արդյունքները։ Եզրափակիչ փուլ անցած 9 գաղափարի հեղինակ 12 սյունեցի երիտասարդից 3-ի՝ Սյունիքի զարգացմանն ուղղված բիզնես գաղափարները այսօր հաղթող ճանաչվեցին և ստացան ֆինանսավորում։

«Վերելք Սյունիք» կոչվող ծրագիրը մեկնարկել է 2021թ-ի հոկտեմբերի 12-ին, որն էլ եզրափակվել է բիզնես ճամբարով 2022 թ․ հունվարի 12-ին Կապան քաղաքում։

Սյունիքի երիտասարդների ներուժը բացահայտող ձեռներեցության ծրագիրը նախաձեռնել և կազմակերպել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Revolve Consulting-ի և ՀՅԴ ՀԵՄ-ի հետ համատեղ:

Ծրագիրը հիմնված է «Վերելք Արցախ» նախափորձի վրա եւ նպատակ է հետապնդում Սյունիքում ձեռներեցությամբ հետաքրքրված երիտասարդներին տրամադրել գիտելիք և սկզբնական ներդրում, որպեսզի երիտասարդներն իրականություն դարձնեն իրենց բիզնես գաղափարները և գործնական ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման և բարգավաճման գործում։

Ծրագիրը նաև միջոց է պայքարելու Սյունիքում պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերների եւ արտագաղթի միտումների դեմ:

Առաջին փուլը տևել է 3 ամիս, որի ընթացքում 35 մասնակից անցել է դասընթացներ գաղափարի հղացման, շուկայավորման, Ֆինանսների պլանավորման, ռազմավարական կառավարման, հանրային խոսքի, բիզնես գաղափարի ներկայացման վերաբերյալ։

Դասընթացների արդյունքում մասնակիցները մշակել և կատարելագործել են սեփական գաղափարները։ Ծրագրի վերջին՝ 3-րդ փուլում մասնագիտական ժյուրին ընտրում է 3 ամենահաջողված գաղափարները, որոնք էլ կստանան ֆինանսավորում ծրագրի կազմակերպիչների կողմից։