կարևոր
1639 դիտում, 3 ամիս առաջ - 2022-01-16 12:55

Լոռվա հերթական գյուղում ցանկանում են ոսկի որոնել

Լոռվա հերթական գյուղում ցանկանում են ոսկի որոնել

«Ավ Մայնինգ» ՍՊԸ-ն Լոռու մարզի Արջիձորի հանքային դաշտի Սնկաձորի գունագեղ քարերի և ոսկու հանքերևակումների սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն:

Հանրային լսումները նախատեսված է հունվարի 20-ին՝ ժամը 12:00-ին, Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի ղեկավարի նստավայրում։ Տեղեկությունը փոխանցում է cvmedia.am-ը:

Արջիձորի հանքային դաշտը գտնվում է Արջիձոր և Սնկաձոր գետակների ավազանում, Ստեփանավան քաղաքից 23 կմ հեռավորության վրա: Ընկերությունը մտադիր է հետախուզական աշխատանքներ իրականացնել և ոսկու և գունագեղ քարերի պաշարներ հաշվարկել  407.5 հա տարածքում։ Հայտում նշված է, որ տարածաշրջանը հարուստ է ջրային ռեսուրսներով: Հիմնականը Ձորագետն է` իր Արջիձոր, Չերնայա, Չքնաղ, Տաշիր, Ուռուտ, Գյառ-գյառ, Մեծ-ձոր և բազմաթիվ այլ վտակներով: Կան քաղցրահամ և հանքային ջրերի բազմաթիվ աղբյուրներ, ինչպես նաև Լոռու սարավանդի ստորերկրյա ջրերի ավազանը: Արջիձորի ոսկու հանքերևակումները Ձորագետի երկու աջ վտակների՝ Արջիձորի և Սնկաձորի ակունքներում են և Ձորագետի ձախ ափում, Սնկաձոր գետակի դիմաց:

Ըստ հայտի՝ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն լինի։ Ըստ հայտի՝ hանքային դաշտի տարածքի վրա բացակայում է անտառային գոտին։ Տարածքում չկան սողանքներ, հատուկ պահպանվող տարածքներ, կարմիրգրքյան տեսակներ, բնության և մշակութային հուշարձաններ: Դաշտային աշխատանքների կատարման համար նախատեսվում է օգտագործել գոյություն ունեցող ավտոճանապարհները: Շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար նախատեսվում է ճանապարհների պարբերական ջրման աշխատանքներ:    

Հայցվող տեղամասում օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում տեխնածին ճնշումներ են դրսևորվելու մթնոլորտի, հողային ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև լանդշաֆտային ամբողջականության վրա:

Երկրաբանական աշխատանքների տեղամասում առուների անցման ժամանակ բուսահողային շերտը նախատեսվում է հեռացնել և կուտակել առանձին, որը փորվածքների լցնելուց հետո կօգտագործվի դրանց մակերեսի ռեկուլտիվացիայի համար, որը կկազմի 587.5 մ2:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության կայքում հրապարակված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի՝ «Ավ Մայնինգ» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թ-ի փետրվարի 17-ին: Ընկերության 100% բաժնետերը ՀՀ քաղաքացի Արթուր Գևորգյանն է: