Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԱԾ–ն։
«Այսօր ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցվել հունվարի 14-ին մոլորվելու հետևանքով ադրբեջանցիների մոտ հայտնված՝ Արցախի քաղաքացի Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ, Արցախի ԱԱԾ-ն պարզում է դեպքի հանգամանքները։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի ԱԱԾ-ն հայտնել էր, որ ժամը 15։30-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին ժամը 15։00-ի սահմաններում Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: