կարևոր
2494 դիտում, 1 տարի առաջ - 2022-01-15 11:39

Միջազգային արձագանքը Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը

Միջազգային արձագանքը Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը

Երեկ Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ 

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերն օգնում են պայմաններ ստեղծել, որպեսզի դեռևս չկարգավորված քաղաքական խնդիրները լուծվեն շատ ավելի ակտիվ ու արդյունավետ կերպով...»:

Հունվարի 14-ին Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունը ողջունել է նաև Եվրամիությունը: Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ ԵՄ-ն ողջունում է երկու երկրների միջեւ հարաբերությունները կարգավորելու եւ այդ նպատակով հատուկ բանագնացներ նշանակելու ուղղությամբ Հայաստանի և Թուրքիայի պատրաստակամությունը: «Հատուկ բանագնացների այսօրվա հանդիպումը կարևոր առաջընթաց է, և մենք խրախուսում ենք Անկարային և Երևանին շարունակել ջանքեր գործադրել այս ուղղությամբ»։

Վաշինգտոնը ևս արձագանքել է հանդիպմանը. «Մենք ջերմորեն ողջունում ենք հայ-թուրքական երկխոսությունը և երկու երկրների ներգրավվածությունը դիվանագիտության և երկխոսության մեջ՝ միմյանց միջև առկա տարաձայնությունները կարգավորելու համար», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանը հայ-թուրքական ընթացիկ երկխոսության և այս հարցում Վաշինգտոմնի դիրքորոշման մասին:

Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում մշտական ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան էջում գրել է.

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց (խմբ.- Հայաստանի և Թուրքիայի) հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի կայունություն հաստատել տարածաշրջանում: Մենք քաջալերում ենք Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- գրել է Խավիեր Կոլոմինան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել խորհրդարանի փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ Ռուբեն Ռուբինյանը, որը 2018 թվականի մայիսին, առանց դիվանագիտական աստիճան ունենալու, նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի փոխնախարար: Իսկ դեկտեմբերին պատգամավոր է դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով: 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներով ՔՊ ցուցակով պատգամավոր է դարձել, ապա ընտրվել ԱԺ փոխխոսնակ:: 

Իսկ Թուրքիայի կողմից բանակգնաց է նշանակվել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, որը հայտնի է Ցեղասպանության ժխտման իր հետևողական գործունեությամբ: